
ՔՊ-ական պատգամավորի եղբոր «արկածները» Չարենցավանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ, կարկառուն ՀՀԿ-ական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը: Այդ օրը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ընտրություններն այնքան էլ հարթ չեն անցել: Ուշագրավ է, որ մինչ այս ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որպեսզի հենց իրենց թեկնածուն՝ վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանն ընտրվեր:
Քարոզարշավին անգամ Չարենցավան էին այցելել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Եվ չնայած բուն ընտրությունների օրը պատգամավորներն այնտեղ երեւացող հատվածներում չէին, սակայն բավական ակտիվ էր հենց Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:
Ականատեսներն «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ ընտրությունների օրը նա բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձում է հենց Ավետ Կոնջորյանից հասկանալ՝ ինչու է նման պահվածք դրսեւորել ընտրությունների օրը, վերջինս, սակայն, հակված չէ պատասխանել մեր հարցերին»: