«Ունեմ խորը մտավախություն, որ մեր ժողովուրդը չի հասկանում, թե իրեն ինչ են ասում երկրի ամենաբարձր ամբիոնից». Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում ունեցած ելույթում որևէ նոր բան չկար։
«Արդեն որերորդ տարին է, նա նույն բանն է կրկնում, այլ հարց է, թե մենք հասկանո՞ւմ ենք՝ նա ինչ է ասում, թե՞ ոչ։ Ես ունեմ խորը մտավախություն, որ մեր ժողովուրդը չի հասկանում, թե իրեն ինչ են ասում երկրի ամենաբարձր ամբիոնից։ Քանի դեռ այս ամենից մենք չենք անում հետևություններ, քայլեր, ապա վատ ու ողբերգական անակնկալներ լինելու են»,- Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների քննարկման ժամանակ ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, թիվ մեկ խնդիրն այն է, որ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է կատարվում, հետևաբար՝ հարց է առաջանում՝ ո՞ւմ մեղքն է սա։
Վ. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ մեղքն այն համակարգինն է, որը չի բացատրում, թե ինչ է կատարվում։
«Մեկ անգամ չէ, որ հրապարակային ասում եմ՝ այն ինստիտուտները, որոնք պարտավոր են բացատրել, կատարել իրենց առաքելությունը՝ չեն անում։ Իշխանությունը չի անելու, որովհետև ինքը բաց տեքստով խոսում է ու թողնում՝ ինչքան կհասկանան՝ կհասկանան։
Օրինակ բերեմ՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ելույթը մոտավորապես ժամը 17։00-ի կողմերն էր։ Ըստ իս, ինչ պետք է լիներ, մոտավորապես երկու ժամ հետո առողջ կամ առողջին մոտ պետություններում պիտի լիներ հակադիր բևեռի ինչ-որ հավաք։ Պիտի պատասխան տրվեր ընդդիմության լիդերներով, առաջնագծով կամ ինչ-որ ֆորմատով։ Պետք է պատասխան տրվեր նրա ստերին, կետերով ձևակերպվեր մի փաստաթուղթ, որ առանցքային հանդիպումներից առաջ իմանային՝ Հայաստանում միայն մի տեսակետ չէ։ Այդ ժամանակ այսօր մենք կունենայինք լրիվ ուրիշ վիճակ և առավոտյան կունենայինք մի բան, որ չէինք ասի, թե ժողովուրդը չի հասկանում։ Երեկ ո՞վ ժողովրդին բացատրեց, թե նա ինչ է արել, առանձին անհատներ արել են։ Եկեք ընդունենք, որ պետք է ինստիտուցիոնալ պատասխան, արձագանք, այլ ոչ թե անհատների»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Էրդողանի և Ալիևի հետո, որին ընդառաջ Երևանից տեսակետ է հնչեցնում՝ իր տեսակետը և Երևանից կա ֆեյսբուքյան արձագանքներ, ինչը ոչ թե պետության, այլ չպետության արձագանք է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում