Չեմ կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք խաղաղության փաստաթղթի մեջ. ՀՀ ԱԺ նախագահ

Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին։ Ինչ վերաբերվում է խաղաղության փաստաթղթին՝ նման փաստաթուղթ գոյություն չունի, և չկա որևէ օրինակ, որի մասին կարող ենք խոսել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միևնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից: Խոսքն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ խաղաղության պայմանագրով, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը զրկվի ինքնորոշման իրավունքից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Տեսեք, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 1991 թվականին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը վերաբերել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքին։ Սրանք իրավունքների հարցեր են և, չեմ կարծում, որ ընդհանրապես Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ։ Դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե որը կլինի Հայաստանի իշխանության կարմիր գիծը, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Դե հիմա փաստաթուղթ չկա, ինչ-որ կարմիր գծերի մասին խոսե՞մ։ Միջազգային նորմերի հիման վրա պատրաստ ենք կնքել խաղաղության պայմանագիր»,- հավելեց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս