ԵՄ-ը և Եվրահանձնաժողովը դատապարտել են Դոնեցկի, Լուհանսկի, Խերսոնի և Զապորոժիեի՝ Ռուսաստանին միացումը
Եվրահանձնաժողովի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը և ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատարը դատապարտել են Ռուսաստանի կողմից ուկրաինական Դոնեցկի, Լուհանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագրերը:
«Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման մասին հայտարարությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի մեծ խախտում է: Որևէ կեղծ հանրաքվե չի կարող դա արդարացնել»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը:
«Բոլոր տարածքները, որոնք անօրինական կերպով օկուպացվել են ռուս նվաճողների կողմից, միշտ կպատկանեն ինքնիշխան ժողովրդին (Ուկրաինային)»,- Twitter-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ նշելով, որ Կրեմլը Ուկրաինայում պատերազմը սրել է նոր մակարդակի, և Եվրամիությունը կստիպի Ռուսաստանին բարձր գին վճարել դրա համար:
Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանին դատապարտել է նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի կեղծ հանրաքվեն: Մենք երբեք չենք ճանաչի անօրինական բռնակցումը»,- գրել է նա Twitter-ում: