Ինչո՞ւ ՔՊ-ական պատգամավորի և ավագանու անդամի՝ ՏԻՄ ընտրություններին քաղաքացիներին ուղղորդելու վերաբերյալ մինչ այս պահը քրգործ չի հարուցվել
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի կերպ չի համակերպվում սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ։
Մի քանի օր է, ինչ ձերբակալում և կալանավորում են ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի անդամներին։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենին հարկադրել են հօգուտ «Զորավոր համայնք»-ի քարոզչություն անել։
Ուշագրավ է, սակայն, որ քվեարկության օրը՝ սեպտեմբերի 25-ին, Բերդ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Տավուշ գյուղում 168.am-ը ֆիքսել էր, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության առաջադրած ավագանու թեկնածու Շավարշ Գյուրջինյանն իր ավտոմեքենայով մի քանի քաղաքացիների բերում ընտրատեղամաս՝ քվեարկելու, իսկ ինքը ավագանու ՔՊ-ական մեկ այլ թեկնածուի հետ մտավ ընտրատեղամասի բակ, ինչն օրենքով արգելված է։ Իսկ ՀՀ Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված է՝ «Արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից»:
Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել էր Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում, երբ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն ամբողջ օրն անցկացրել էր տեղամասի մուտքի մոտ։
Սա արձանագրել էր նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա պատգամավորին հորդորել էր լքել տարածքը, ինչից հետո իրավիճակը լարվել էր։
Արդյո՞ք այս միջադեպերի վերաբերյալ ևս Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, թե՞ միայն ընդդիմադիրների նկատմամբ են քրեական գործեր հարուցվում և կալանավորման միջնորդություններ ներկայացվում: Արդյո՞ք վերը նշված փաստերի առնչությամբ մամուլի հրապարակումները և տեսագրությունները քննչական կոմիտեի ուշադրությանն արժանացել են: Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով դիմեցինք ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։ Վերջինս, սակայն, պատասխանեց, թե նշված միջադեպերի վերաբերյալ որևէ բան այս պահին չկա, և առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։
168.am-ը գրավոր հարցում կուղարկի Քննչական կոմիտեին, պատասխանը լինելուն պես կհրապարակենք։