«Թե՛ գաղտնալսումներում, թե՛ ցուցմունքում Սամվել Հովսեփյանի մասին որևէ խոսք չկա»․ Բերդի համայնքապետի ԺՊ-ի փաստաբան

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում  սեպտեմբերի 25-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Առաջադրվել էին երեք ուժ՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Զորավոր համայնք» դաշինքը։

Ինչպես Հայաստանի շատ համայնքներում, Բերդ խոշորացված համայնքում ևս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է։ Այստեղ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Արժանապատիվ սերունդ» դաշինք- 1095 ձայն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 4297 ձայն

Կարդացեք նաև

 «Զորավոր համայնք» դաշինք- 5683 ձայն (ՔՊ-ից 1386 ձայնով ավելի.- Ն․Խ․)։

Ուշագրավ է, որ ինչպես 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, այնպես էլ այս անգամ, գրեթե բոլոր այն համայնքներում, որտեղ իշխող քաղպայմանագիրը պարտվել է, սկսել են ճնշումներ գործադրել հաղթող թեկնածուների նկատմամբ՝ ձերբակալություններ, կալանավորումներ։

«Զորավոր համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ նախորդ տարվա նոյեմբերից։ Հիշեցնենք, որ Մանուչարյանը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ չէր դիմավորել Բերդ համայնք ժամանած Փաշինյանին, որից հետո նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, ապա կալանավորման որոշում կայացվեց։

Ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել էին  Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, իբր նրանք Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենին հարկադրել են հօգուտ «Զորավոր համայնք»-ի քարոզչություն անել։

Իշխանությունները, սակայն, այս կալանավորումներով չբավարարվեցին, քվեարկության ավարտից 4 օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ձերբակալվեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը։

168.am-ն այսօր կապ հաստատեց Բերդի համայնքապետի կալանավորված պաշտոնակատարի փաստաբանի՝ Գոռ Սաղոյանի հետ, նա ասաց, որ իր պաշտպանյալի գործի վերաբերյալ դատական նիստը քիչ առաջ է ավարտվել․

«Մեղադրանք են ներկայացրել պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ խմբի կազմում քարոզչություն կատարելու հարկադրելու մեղադրանքով։ Այս գործով արդեն 2 անձ կալանավորված է, Սամվել Հովսեփյանը երրորդն է, որ ձերբակալել են։ Հաղորդում տվող կնոջ կողմից Սամվել Հովսեփյանի վերաբերյալ որևէ անդրադարձ չկա։ Մեզ համար էլ է անհասկանալի, թե Սամվել Հովսեփյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ։ Կնոջ ցուցմունքում բացառապես խոսվում է՝ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի մասին։ Փաստացի, թե՛ գաղտնալսումներում, թե՛ ցուցմունքում առհասարակ որևէ խոսք Սամվել Հովսեփյանի մասին չկա․․․»։

Նշենք, որ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։00-ին։

Տեսանյութեր

Լրահոս