Եվրամիությունը պետք է գների առավելակետ սահմանի ռուսական գազի ամբողջ ներմուծման համար. ԵՀ
Եվրամիության անդամ երկրները պետք է գների առավելակետ սահմանեն ռուսական գազի ամբողջ ներմուծման համար: Այդ մասին հայտարարել է Էներգետիկայի եվրակոմիսար Կադրի Սիմսոնը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ-ի խորհրդի արտահերթ նիստին:
«Պատասխանը պարզ է. մեզ անհրաժեշտ է առավելակետ ամբողջ ռուսական գազի համար»,- ասել է նա: Լրագրողների այն հարցին, թե ինչու է այդպես բարդ եւ երկարատեւ տրվում ռուսական գազի գների առավելակետի սահմանման որոշումը, եվրակոմիսարը պատասխանել է, որ դա կապված է այն բանի հետ, որ «տարբեր անդամ պետություններ ակնկալում են տարբեր որոշումներ»: «Եվրահանձնաժողովը պետք է ներկայացնի գաղափար, որը լայն աջակցություն ստանա: Մենք պետք է գտնենք միջոց, որն ընդունելի լինի բոլոր անդամ պետությունների համար»,- հավելել է Սիմսոնը:
Նա ընդգծել է, որ գազի գների առավելակետի հարցը կքննարկվի արտահերթ նիստում:
Էներգետիկայի շուրջ ԵՄ-ի խորհրդի առաջիկա արտահերթ հանդիպումը երկրորդն է ընթացիկ ամսում: ԵՄ-ի էներգետիկայի նախարարները սեպտեմբերի 9-ին չեն կարողացել համաձայնեցնել ռուսական խողովակաշարային գազի գների առավելակետը, ինչից հետո Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել գների սահնափակումը գազի բոլոր տեսակների համար, ներառյալ հեղուկացված բնական գազը (ՀԲԳ):
Սիմսոնի խոսքով՝ ԵՀ-ն կարեւոր է համարում գների առավելակետ սահմանել հատկապես ռուսական գազի համար՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով, ըստ որում Բրյուսելում վախենում են, որ ՀԲԳ-ի արժեքի սահմանափակումը «կարող է խախտել մատակարարումների անվտանգությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: