
Թբիլիսին պետք է զգուշանա Մոսկվայի քայլերից. կոնգրեսականը՝ Լուկաշենկոյի այցի մասին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերի կարծիքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի շրջան՝ հակասում է միջազգային նորմերին։
Ըստ aliq.ge-ի՝ Կինզինգերը նշել է, որ Բելառուսի գործող ղեկավարի քայլը զարմանալի չկա, սակայն այսօր կարևոր է Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ միջազգային հանրության հստակ ուղերձը։
«Ճիշտ է, զարմանալի չէ, որ Բելառուսի բռնապետն ամեն ինչ անում է այնպես, ինչպես թելադրում են Մոսկվայից, սակայն միջազգային հանրությունը պետք է շատ հստակ ուղերձ հղի, որ Ցխինվալին և Աբխազիան եղել են և միշտ կլինեն Վրաստանի տարածքները»,- ասել է կոնգրեսականը։
Ըստ Կինզինգերի՝ Լուկաշենկոյի այցը Աբխազիա կապված է Ուկրաինայում Կրեմլի ձախողումների հետ։ Նրա խոսքով, տարածաշրջանում սրված վտանգի ֆոնին Վրաստանը պետք է գործի ավելի զգույշ։
«Հիմա, երբ Պուտինի արշավն Ուկրաինայում թուլանում է, վրացիները պետք է զգուշանան Կրեմլի ցանկացած հնարավոր քայլից: Վրաստանը շատ լավ գիտի այն բոլոր սպառնալիքները, որոնք Կրեմլը ներկայացնում է Վրաստանի ինքնիշխանությանը», — ասել է Կինզինգերը:
Նշենք, որ Լուկաշենկոն Աբխազիա է այցելել սեպտեմբերի 28-ին։ Մինչ այդ նա Սոչիում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։