
Վերին Շորժայում և Նորաբակում իրավիճակը նորմալ է. Վարչական շրջանի ղեկավարներ

Սեպտեմբերի 28-ին ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, վիրավորների թվի մասին այս պահին պաշտոնական հաղորդագրություն չկա։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրավիճակը գյուղում հանգիստ է։
«Ոչ երեկ, ոչ այսօր գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, իրավիճակը դեռ հանգիստ է»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։
Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը փոխանցեց, որ իրավիճակը գյուղում նույնպես հանգիստ է։
«Դեռ նորություն չկա, սովորական»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Նորաբակի վարչական ղեկավարը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, որտեղ նա նշել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է, Նորաբակի գյուղապետը նկատեց.
«Ես ոչ մի ձև չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու, չգիտեմ։ Եթե իսկապես միջազգային դիտորդական առաքելություն կգա, թող գան, հետո կտեսնենք»։