100 միլիոնավոր դոլարները վճարված են, բայց մատակարարումները չեն կատարվում՝ այդ թվում դաշնակիցների կողմից․ Փաշինյան
«Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- կառավարության հերթական նիստում ադրբեջանական հերթական սադրանքի մասին արձանագրումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա համոզված է, որ այս ամենն արվում է մեկ նպատակով, որ հրաժարվենք պետականությունից, ինքնիշխանությունից և անենք զիջումներ մեր տարածքային ամբողջականությունից:
«Բայց, ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում, և փա՛ռք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով նաև, որ ակտիվ աշխատանք է իրականացվում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ:
«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում և համաձայն ենք բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով: Բայց ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ դա կլինի ՄԱԿ-ի՞ ԱԽ-ի՞, ԵԱՀԿ-ի՞, թե՞ որևէ այլ միջազգային կազմակերպության:
Ամեն դեպքում, ես ուզում եմ ընդգծել նաև կառավարության նիստում, որ այս ամենի նպատակներից մեկը ՀՀ-ին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է»,- ամփոփեց հնչեցրած տեսակետը Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում