«Եթե Եղեռնից, Առաջին հանրապետությունից, 30 տարվա անփութությունից դասեր չենք քաղել, այս երկու տարում ի՞նչ դասեր պետք է քաղեինք». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Այս երկու տարին ցույց տվեց, որ ոչ մի դաս էլ չենք քաղել. եթե անմիջապես հետո դաս չքաղեցինք, երկու տարի հետո ի՞նչ դաս պետք է քաղենք:  Եթե Եղեռնից դաս չենք քաղել, Առաջին հանրապետությունից դասեր չենք քաղել, ԽՍՀՄ տարիների դասերից դաս չենք քաղել, 30 տարվա անփութությունից դաս չենք քաղել. այս երկու տարում ի՞նչ դասեր պետք է քաղեինք: Մենք շատ վատ աշակերտ ենք, ծույլ և անբան աշակերտ ենք, և երբեք դաս չենք քաղում»,- 168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմի դասերին անդրադառնալով՝ նշեց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հոգևորականը մեր անելիքների մասին հակիրճ է խոսում՝ նշելով միայն, որ պետք է հզորացնել բանակը: Իսկ հասարակության արթնացման համար նա կարևորում է  սառը, պրագմատիկ իշխանությունների առաջնորդությունը:

«Այս օխլոկրատիական ճանապահով մենք երբեք չենք ունենա այն իշխանությունը, որը կկարողանա մեր երկիրը տանել առաջընթացի: Պետք է գոնե մի քանի տասնամյակ հրաժարվել այս հիմար «դեմոկրատական» սկզբունքներից և ուժեղ ձեռքով պետություն ստեղծել:

Այս ազգն ինքնուրույն ոտքի կկանգնի միայն իր անձնական նպատակների համար՝ տուն ստեղծելու, փող աշխատելու, բայց երկիր ստեղծելու համար ազգը չի կանգնի. լիդերներ են պետք ուժեղ ձեռքով, ուժեղ կամքով»,- հավելեց Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Արդյո՞ք Վեհափառի և եռանախագահների մեկնարկած գործընթացն ի վերջո կունենա այն հանգուցալուծումը, որն ակնկալում են հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ՝ մեր հարցադրումին ի պատասխան՝ նա նկատեց, որ հանգուցալուծում կլինի միայն այն դեպքում, եթե ընդհանուր առաջարկ ներկայացվի իշխանությանը, և այդ առաջարկն ընդունվի:

Առաջին նախագահը երեկ անդրադարձել էր նախկին նախագահների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հարցին՝ պարզաբանմամբ, որ օրերս կայացած հանդիպման վերաբերյալ իր առաջարկած տեքստը հենց այդ մասին էր: Ըստ նախագահի՝ ոչ ոք չի տիրապետում բանակցային ամբողջ ինֆորմացիային`բացի Փաշինյանից ու, գուցե, իր շատ նեղ շրջապատից։

Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից  հետաքրքրվեցինք՝ պե՞տք է արդյոք այս գործընթացում ներառվի Նիկոլ Փաշինյանը:

«Դրան ներառելու անհաժեշտությունը կարող է չլինել.  դա պարզ տեղեկության փոխանցում է, որը կարող է փոխանցվել, բայց նա փոխանցողը չէ»,- ի պատասխան՝ նշեց հոգևորականը:

Տեսանյութեր

Լրահոս