«Գնանք իր կողքին կանգնենք և տեսնենք՝ ոնց է հանձնում Հայաստա՞նը, մաս կազմենք Հայաստանը հանձնելո՞ւն». Սեյրան Օհանյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով պնդումներին, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր հաշտության պայմանագիրն իրականում կապիտուլյացիայի պայմանագիր է, ասել է՝ «ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ է եղել, Ճապոնիա՞ն չի նվաստացել, չի՞ կապիտուլյացվել, ի՞նչ է եղել այստեղ»: Այսինքն, այլ ելք չկա, ցավոտ լուծումներ են մեզ սպասվում:
44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի օրը «Եռաբլուր» այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այս միտքը, նախ նշել է՝ փաստ է, ՀՀ-ն գտնվում է կապիտուլյացիոն վիճակում, որովհետև իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողեցին բանակցային գործընթացը, երբ 30 տարիների քրտնաջան աշխատանքը բերել էր ինչ-որ բանակցային որոշակի ներուժի ձևավորման:
«Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի, զոհերի: Մի ցավալի բան պետք է ասեմ. առաջին՝ զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին, եթե պետությունն ապահովեր անվտանգություն, մարտական գործողությունների խորքում ինժեներական սարքավորումներ, պաշտպանական բնագծեր կահավորեր, երկրորդ՝ կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ և ապահովել հաղթանակ: Մեր ցավն այն է, որ այս քանակությամբ զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն:
Եվ այս իշխանությունները կապիտուլյացիայից հետո ամբողջությամբ տապալել են արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը, ըստ էության, կարելի է ասել, պետական կառավարումը: Եվ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո կապիտուլյացիոն գործընթացները շարունակական են դարձրել:
Նոյեմբերի 9-ի և այլ փաստաթղթերը փաստացի կնիքն են նրա, ինչ այսօրվա իշխանությունները կատարել են: Նրանք գտնվում են ճնշման, պարտադրման ներքո, և այս իրավիճակից դուրս գալու առաջին պայմանը՝ պետք է գնալ փոփոխության, և գան մարդիկ, իշխանություն, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել և ձևավորել նաև մեր ներքին ազգային երաշխիքները՝ բանակաշինություն, ներքին ամրապնդում: Արտաքին քաղաքականության մեջ պարզ է՝ պարտված իշխանությունը ճնշման ներքո է, այսինքն, մեր բանակցողը մշտական ճնշման տակ է, ուստի խնդիրը բանակցողին փոխելն է, իշխանափոխությունն է: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, այն, որ իրավիճակը ծանրագույն է, հասկանալի է, բայց դե եկեք հանդուրժենք, նայենք, թե այս իշխանությունները ոնց են տանում մեր անկախության, ինքնիշխանության վերջնական փլուզման: Իր ասելով, եթե բանակցողն էլ փոխվի… այդպես չէ, հայ ժողովուրդն ունակ է իշխանության բերել մարդիկ, որոնք ունեն ամուր բռունցք, բանակցելու կամք, և այս իրավիճակից կարող է դուրս բերել: Ես այս պահին անձերի վրա կանգ չեմ առնի, բայց գտնում եմ, որ համաժողովրդական պայքարով կարելի է իշխանության բերել այնպիսի անձնավորությունների, որոնք ունեն հմտություն, կառավարման փորձ, ունակություն, կամային հատկանիշներ այս վիճակից դուրս գալու համար»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ հիշեցնելով, թե պատերազմից հետո քանի անգամ է ադրբեջանական կողմը սադրանքների դիմել, և մեր բանակը հայտնվել դժվարին իրավիճակում, թե քանի անգամ են հորդորել իշխանություններին զբաղվել բանակաշինությամբ, անվտանգային խնդիրներով:
Իշխանության հետ ընդդիմության երկխոսության նստելու հարցի հետ կապված Սեյրան Օհանյանը հիշեցրեց, թե քանի անգամ է 2018-ի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին և իշխանությանն առաջարկել իր աջակցությունն անվտանգային հարցերում՝ առանց որևէ պաշտոնի:
«ՀՀ իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից դուրս: Իրենց համար գերակայությունը ոչ թե սահմաններն են, անվտանգությունը, այլ ընդհատակյա, թաքուն բանակցություններ վարելը հակառակորդների, թշնամու հետ, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը, կամ ասֆալտի վրա ոստիկանական զորքերը ուռճացնելը, իրենց թիկունքը, իրենց աթոռը, իրենց հետույքը պահելը: Այսինքն, ամբողջությամբ բաց են թողել մեր սահմանները: Հիմա ինչի՞ն մենք գնանք, ի՞նչ իրենց հետ բանակցենք, գնանք իր կողքին կանգնենք և տեսնենք՝ ոնց է հանձնում Հայաստա՞նը, մաս կազմենք Հայաստանը հանձնելո՞ւն»,- շարունակել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալ-չմնալուն, Սեյրան Օհանյանը նշել է, որ նպատակահարմար է գտնում այս ռազմական դաշինքում մեր մնալը՝ նշելով, թե նախկին իշխանություններն ինչեր են արել ՀԱՊԿ-ին օգնելու համար, կառույցի ռազմական կոմպոնենտը զարգացնելու համար, այդ թվում՝ այդ ժամանակ Հայաստանն առաջարկել է ստեղծել ռազմական կոմիտե, քանի որ ԳՇ պետերը ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելու, որոշումներ ընդունելու հարթակ չեն ունեցել:
«Հիմա պետք է հարց տալ՝ այսօրվա իշխանություններն ի՞նչ են արել ՀԱՊԿ-ն զարգացնելու: Նրանք, ընդհակառակը, ՀԱՊԿ-ին հարվածել են, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար մեր ներկայացուցչի դեմ քրեական գործ են հարուցել: Պետք է խելացի բանակցել, որ ՀԱՊԿ-ն իր խնդիրները կատարի,- ասել է Օհանյանը և հավելել,- Այլ ազգի ստորաբաժանումները չեն գալու և, ասենք, Միջին Ասիայից մեզ համար խրամատ փորեն»:
Մանրամասները՝ տեսանյութում