
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն:
Արցախի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նա հանդիպել է հյուպատոսության աշխատակազմի հետ։
Դավիթ Բաբայանը կարևորել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը հայրենիք-սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։