Ռուս մոդերատորը խայթել է հայ նախարարին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին Երեւանում անցկացվել է «Ռուս-հայկական բիզնես երկխոսություն-2022» գործարար համաժողովը: Մասնակցել են պաշտոնյաներ Ռուսաստանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ գործարարներ 2 երկրներից։ Բարձր ներկայացուցչական կազմ է ներկա եղել՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, մասնակցել են նաեւ ոլորտային նախարարներ եւ փոխնախարարներ։ Հայկական կողմից ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ ոչ միայն։ Նաեւ՝ ոչ մեծ թվով գործարարներ։

Մեզ ասացին, որ միջոցառման մոդերատոր Պրիմակովը, ով Россотрудничество-ի ղեկավարն է, ֆորումի բացման ու փակման ժամանակ խայթոցներ է ուղղել, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ են պարունակել։ Նախ, միջոցառման բացման ժամանակ հեգնել է` «մեր թարգմանչի հետ ամեն ինչ նորմալ է՝ ոչ մի խնդիր չկա»։ Դրանով ռուս մոդերատորն ակնարկել է Նենսի Փելոսիի այցի ժամանակ թարգմանության հետ կապված խնդիրները։

Իսկ միջոցառման վերջում խայթել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե ինքը «հույս ունի, որ չեն դադարեցնի իրենց հետ համագործակցությունը եւ դուրս չեն գա այս ձեւաչափից»՝ հավանաբար, ակնարկելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։ Դրանից Քերոբյանն անակնկալի է եկել եւ արձագանքել է, թե «շատ տարօրինակ հարց է տալիս» Պրիմակովը, եւ սկսել է երկար-բարակ բացատրել, որ իրենց կողմից նման մտադրություն չկա»:

Տեսանյութեր

Լրահոս