«Դուք ձեզ ճղեք՝ առաջնագիծ օգնություն հասցրեք, իսկ Էկոնոմիկայի նախարարությունն ասում է՝ 31.6 միլիոն տվեք՝ զուգարաններ պիտի վերանորոգեմ»

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք ձեզ ճղեք՝ առաջնագիծ օգնություն հասցրեք, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, ասում է 31.6 միլիոն տվեք՝ զուգարաններ պիտի վերանորոգեմ:

Չգիտեմ, նախագիծն ընդունվել է, թե՝ ոչ»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 31,6 մլն դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։

Սույն որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար: Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս