«Խաղաղապահները վստահեցրել են՝ իրավիճակն իրենց վերահսկողության ներքո է, թե՛ միջանցքը, թե՝ Արցախի ընդհանուր շփման գիծը». Արցախի ԱԺ պատգամավոր

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության բաժինը, այսօր Արցախի  ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց՝ կվերանան առկա խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ։

168.amի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման մանրամասներին, նշեց, որ հանդիպումը պայմանավորված է եղել ստեղծված ընդհանուր իրավիճակով։

«Ուզում էինք հասկանալ, թե այս ստեղծված իրավիճակում մեր անելիքը որն է, ինչպիսի իրավիճակում են այսօր գտնվում Արցախի սահմանները։ Անդրեյ Վոլկովը մեզ վստահեցրեց՝ ամեն ինչ կայուն է։

Կարդացեք նաև

Մեզ հուզում էր նաև Բերձորի միջանցքի հարցը, որտեղ ադրբեջանական ավտոմեքենաներ են երևում, մեզ ասացին, որ այնտեղ շինարարություն է  կատարվում, երբ շինարարությունն ավարտվի, նրանք այնտեղ չեն լինի»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի՝ մասնակի զորահավաք հայտարարելու վերաբերյալ  հայտարարությանն ու ստորագրած հրամանագրին,  և այս համատեքստում Արցախի սահմանների պաշտպանությանը, որոնց մի հատվածն այս պահին ռուս խաղաղապահների հսկողության տակ է, Դավիթ Գալստյանը վստահությամբ ընդգծեց, որ Արցախից ռուս զորակազմի դուրսբերում տեղի չի ունենալու, քանի որ այդ ամենը մեկը մյուսի հետ չփոխկապակցված երևույթներ են։

«Ընդհանուր մտավախություն կա՝ պետականություն կորցնելու համար, և ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի։ Սակայն չեմ կարծում, որ Արցախում խաղաղապահական առաքելություն իրականացնողներն այդ զորահավաքի հետ առնչություն ունենան»,- հավելեց նա։

Անդրադառնալով Բերձորի այլընտրանքային ճանապարհի անվտանգությանը՝ ՀՀ սահմանների վրա Ադրբեջանի հարձակման համատեքստում, Դավիթ Գալստյանն ընդգծեց.

«Խաղաղապահները վստահեցրել են, որ իրավիճակն իրենց վերահսկողության ներքո է, թե՛ միջանցքը, թե՛ Արցախի ընդհանուր շփման գիծը։ Սակայն մտավախություն կա  ցանկացած պահի, որ կարող է անդառնալի հետևանքներով գործողություններ լինեն»,- եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել։

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս