«Թշնամին, մեծ հաշվով, այս պահին գյուղի տարածքում է․սա ասում եմ, որ պետության ղեկին նստած մարդը լսի, հասկանա՝ պետք է ժողովրդի թիկունքին կանգնել, այլ ոչ թե թիկունքում գործել». Արավուսի նախկին գյուղապետ
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ակտիվ մասնակցությամբ հայկական զորքը Սյունիքի մարզում հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից, դրանք թողնելով թշնամուն, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները GPS-ով սկսեցին ավելի խորանալ ՀՀ սուվերեն տարածք և ամրացնել իրենց դիրքերը։ Այսպիսով 64 կմ առաջ են եկել Արավուս գյուղի ուղղությամբ։
168.am–ի հետ զրույցում Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ թեպետ 2020 թվականից թշնամին գյուղի ուղղությամբ առաջ է եկել, սակայն սեպտեմբերի 13-ին նրանց կողմից հրահրված ռազմական ագրեսիայի արդյունքում գյուղը վնասներ չի կրել, գյուղի վրա կրակոցներ չեն եղել։
«Գյուղի հետևի հատվածում են կրակել, դեպի Սև լճի հատված։ Գյուղից այս ընթացքում որևէ բնակիչ դուրս չի եկել, ամեն ինչ նորմալ է, մարտական տրամադրությամբ, մեր բանակը կանգնած է։
Թշնամին, մեծ հաշվով, այս պահին մեր գյուղի տարածքում է, ինչպես 2020 թվականին առաջ էր եկել, այդպես էլ շարունակում է նույն տեղում մնալ, ու ավելի են ամրացրել իրենց դիրքերը։ Հիմա ես սա ասում եմ, որ պետության ղեկին նստած մարդը լսի, հասկանա՝ պետք է ժողովրդի թիկունքին կանգնել, այլ ոչ թե թիկունքում գործել»,- նշեց Արավուսի նախկին գյուղապետը։
Ըստ Արգամ Հովսեփյանի, երբ թշնամին 2020 թվականին առաջ է եկել գյուղի ուղղությամբ, ամբողջ բնակչության վարած-ցանած տարածքները մնացել են նրա հսկողության տակ։
«Այն ժամանակ որպես գյուղապետ՝ դիմեցի Սյունիքի մարզպետարանին, Կառավարությանը, խնդրեցի, որ օգնեն բնակիչներին, որովհետև իրենց գործողությունների հետևանքով ցանած հողերը մնացել էին թշնամու հսկողության տակ, ասացի՝ գոնե օգնեք՝ եղած հողերը մշակեն, բայց որևէ բան չարեցին, բնակիչներին թողեցին մեն-մենակ։ Մի քիչ շատ որ խոսում եմ, ասում են՝ Արգամը բողոքում է, ախր չեմ բողոքում, ճիշտ եմ ասում»,- շեշտեց նա։
Միաժամանակ նախկին գյուղապետն ասաց, թե ամոթ է այս իշխանությունների հետ աշխատելը, հատկապես, երբ քննադատությունները շատ սուր են ընդունում։
«Ինձ ասացին, թե՝ այլևս չես կարող գյուղապետ աշխատել, դու մեր թիմից չես։ Ախր, չեմ էլ քննադատում, ճիշտն եմ ասում։ Երեք պատերազմ անցած մարդուն, 30 տարվա հրամանատարին ասում են՝ գնա տուն, դու մեզ պետք չես»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ:
Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա»: