«Սյունիքում իրավիճակը համեմատաբար կայուն է. Ամենաշատը վնասներ կրել են Վերիշենը, Վաղատուրը, Ակները». Սյունիքի փոխմարզպետ

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

168.am հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանն ասաց, որ ներկա պահին Սյունիքում իրավիճակը համեմատաբար կայուն է, սահմանին կրակոցներ չկան։

Ըստ Սյունիքի փոխմարզպետի, թշնամու կրակոցների հետևանքով բազմաթիվ տներ են վնասվել, դրանց վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, այս պահին հաշվարկներ են կատարվում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են օգնել նյութական վնասներ կրած բնակչությանը։

«Վաղվանից սկսած անձամբ պետք է այցելեմ տներ, և տեղում ավելի մանրամասն կիմանանք, թեպետ արդեն վնասներ կրած մարդկանց ցուցակներ ունենք։

Կարդացեք նաև

Ամենաշատը վնասներ կրել են Վերիշենը, Վաղատուրը, Ակները, վնասները չափելի էլ չեն, գյուղ կա, որ մի բան է ամբողջությամբ վնասվել, գյուղ էլ կա, որ հինգ բան է վնասվել մասամբ։ Բայց Գորիսի տարածաշրջանում հիմնական տուժած գյուղերն են, նաև Տեղ համայնքում»,- նշեց Նարե Ղազարյանը։

Նա նաև փոխանցեց, որ այս պահին մարզում քաղաքացիական անձանց շրջանում մեկ զոհ ունեն՝ Նորավան գյուղի բնակիչ, որը շտապօգնության մեքենայով վիրավոր զինվորներին տեղափոխելու ժամանակ է զոհվել, երբ թշնամին թիրախավորել է շտապօգնության մեքենան։

Նարե Ղազարյանը փոխանցեց նաև, որ պատերազմի օրերին որոշ գյուղերից տեղահանված կանանց և երեխաների մեծ մասն արդեն վերադարձել են իրենց բնակավայրեր։

«Տեղահանվածների հիմնական մասը վերադարձել է, որոշ գյուղերից  մարդիկ մարզից դուրս չեն էլ եկել, պատսպարվել են կողքի գյուղերում։ Իսկ այն բնակիչները, որոնք մարզից դուրս էին եկել, հիմա միջոցներ ենք ապահովում, որպեսզի վերադառնան իրենց գյուղեր»,- եզրափակեց Նարե Ղազարյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին էլ ադրբեջանական կողմը Հայաստանին էր փոխանցել զոհված զինծառայողների 32 դի։

Տեսանյութեր

Լրահոս