Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ․ Նենսի Փելոսի

«ԱՄՆ-ն ձգտում է ԼՂ հակամարտության բանակցային, խաղաղ և տևական լուծմանը»,- այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում ասաց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով իր ՀՀ այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ։

Նա նշեց, որ ԱՄՆ-ում ինքն այս տարի ավելի վաղ ընդունել է Ալեն Սիմոնյանին,քննարկել մի շարք հարցեր ՀՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքների խթանման ուղղությամբ։

«Այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել»,-ասաց նա։ Փելոսին նաև տեղեկացրեց, որ ինքը Հայաստան այցելած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է։

«Մենք ազատ, արդյունավետ հանդիպում ունեցանք, մեր երկխոսության շրջանակում վերահաստատեցինք մեր այս հանձնառությունները, ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը, անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում ՀՀ-ում և տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ։ ԱՄՆ-ի Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում 2019թ․, այն օրենսդրորեն ընդունվեց և ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից հաստատվեց, սա երկկուսակցական օրենք էր և երկար ժամանակ Կոնգրեսում այս հարցի շուրջ աշխատում էինք միասին։ Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին՝ այդ օրենքը ստորագրելու համար։ Եվ նաև շնորհակալ ենք, որ նա հրավիրեց ՀՀ վարչապետին այս տարի մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,-նշեց Նենսի Փելոսին։

Կարդացեք նաև

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նկատեց, որ հայ-ամերիկյան հանդիպումները մշտապես առանձնակի թիրախավորում են անվտանգության հարցերը։

«Այս այցերից առաջ Հայաստանի Հանրապետության սահմանների, ՀՀ ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։ Երբ մենք դուրս ենք գալիս տներից, առաջին հերթին խոսքը մեր անվտանգության մասին է, երկկողմ անվտանգության, տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության մասին է։

Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի և ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները,Կոնգրեսի անունիցմենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ։ Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հստակ և վաղուց ի վեր ԱՄՆ-ն նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի ԼՂ հակամարտությանը»,-ասաց Փելոսին։

Նշենք, որ Նենսի Փելոսիի պաշտոնական յութուբյան ալիքում այս ասուլիսի հեռարձակման անոնսում նշված էր․ «Միացեք խոսնակ Ալեն Սիմոնյանի, Ֆրենկ Փալոնի, Ջեքի Սփիերի, Աննա Էշոյի և իմ՝ Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերությունների և Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման հետ կապված Ամերիկայի կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ մեր երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին»։

Տեսանյութեր

Լրահոս