
«ժամը 10-ին հայրը խոսել է հետը, ցերեկը 1-ի կողմերը եղել է դեպքը»․ Իշխանասարում զոհված 18-ամյա Դավիթը Տափերական գյուղից էր, 9 ամսվա ծառայող

Թշնամի պետության սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում, պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվն այս պահի դրությամբ 135 է։
Մարտի դաշտում զոհված տղաներից մեկն էլ ժամկետային զինծառայող, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 18-ամյա Դավիթ Արմենի Ներսիսյանն է։
Տափերական բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթը ծառայության էր մեկնել 9 ամիս առաջ․
«Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել էր Իշխանասար, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել։ Շատ լավ տղա էր, հոյակապ մարդ էր՝ հարգանքով, մեծին հարգող, չափերի մեջ հոյակապ տղա էր, մարդու օրինակ լրիվ:
Դավիթն ունի իրենից փոքր մի քույր և մի եղբայր, քույրը 4-րդ դասարանում է սովորում, եղբայրը՝ 12-րդ դասարանում, ինքը մեծն էր»։
Ինչպես շատ զինծառայողներ, Դավիթը ևս հասցրել էր պատերազմը սկսվելու օրը՝ առավոտյան, կապ հաստատել ընտանիքի հետ․
«Առավոտ ժամը 10-ին հայրը խոսել է հետը, ցերեկը 1-ի կողմերը եղել է դեպքը։ Ասել է՝ ամեն ինչ լավ է, նորմալ է։ Զինվոր է, հո չի՞ բողոքելու, հուսադրող բաներ է ասել, որ չանհանգստանան ծնողները․․․»։
Դավիթ Ներսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ին՝ գյուղի մշակույթի տանը, իսկ հուղարկավորությունը՝ վաղը՝ Խոր Վիրապում՝ ընտանեկան գերեզմանատանը։