«Նույնիսկ այդ հինգ կետանոց պայմանագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը չի ապահովելու խաղաղություն, այն մեզ համար անընդունելի է». Արցախցի պատգամավոր

«Այցի նպատակն է՝ վերջին իրադարձությունները, այսինքն՝ մեր միասնական հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակն ու մարտահրավերներն են, որոնք իրականում այսօր վտանգ են ներկայացնում հայկական պետականության նկատմամբ»,- ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախից ժամանած խորհրդարանականների հանդիպումներին հայաստանյան պաշտոնյաների հետ։

Երեկվանից Երևանում գտնվող Արցախի պաշտոնական պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարարի, ԱԺ նախագահի հետ։ Արցախցի պատգամավորի փոխանցմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում փորձել են պատկան մարմիններից ստանալ պարզաբանումներ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հետագա քայլերի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 14-ին խորհրդարանում արած հայտարարությանը, Արթուր Հարությունյանն ասաց, որ ունեցել են որոշակի մտահոգություններ, այսինքն՝ կա՞ թուղթ ստորագրելու, թե՞ ոչ։

«Մեր հանդիպումների ընթացքում իրենց պարզաբանումներն այնպիսին են, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է «Խաղաղության պայմանագրի» 5 կետանոց նախագիծ, որը, ըստ մեզ, չի արտացոլում խաղաղության այն պայմանագիրը և խաղաղության կայունությունը, որը մենք պատկերացնում ենք։ Այսինքն՝ դա միակողմանի պարտադրված խաղաղություն պետք է լինի»,- նշեց Արթուր Հարությունյանը։

Կարդացեք նաև

Արցախցի պատգամավորները բոլոր հանդիպումների ժամանակ հատկապես շեշտել են արցախահայության ինքնորոշման իրավունքի կարևորության հարցը: Ըստ Արթուր Հարությունյանի, իրենք վստահ չեն, որ ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի ներկայացրած հինգ կետից բաղկացած սկզբունքները կայունություն կապահովեն.

«Նույնիսկ այդ հինգ կետանոց պայմանագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը չի ապահովելու խաղաղություն, այսինքն՝ այդ փաստաթուղթը չի ապահովելու խաղաղություն, այն մեզ համար անընդունելի է։ Ադրբեջանի, նաև  Թուրքիայի հովանավորությամբ իրականացվող  ագրեսիվ գործողությունները տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների դեպքում կարող են կրկնվել»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։

Ի դեպ, պատգամավորը, առանց մանրամասնելու, նաև հայտնեց, որ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակել հետագա անելիքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս