Կապիկի ծաղկից մահվան առաջին դեպքն ԱՄՆ-ում գրանցվել է Լոս Անջելեսում
Լոս Անջելեսի հանրային առողջապահության դեպարտամենտը սեպտեմբերի 12-ին հաստատել է, որ Լոս Անջելեսի օկրուգի բնակիչը մահացել է «կապիկի ծաղկի» պատճառով: Այդ մասին հաղորդում է Axios-ը:
Լոս Անջելեսի հանրային առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ հիվանդի իմունիտետը եղել է շատ թույլ, եւ նա հոսպիտալացվել է: Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ պաշտոնատար անձինք հրապարակորեն հաստատել են ԱՄՆ-ում վիրուսից մահվան դեպքը:
Պորտալը նաեւ հիշեցնում է, որ Տեխասի պաշտոնյաները հետաքննում են, թե անցած ամսին հիվանդի մահն արդյոք պայմանավորված էր կապիկի ծաղկով: Կապիկի ծաղկից մահվան դեպքերը մնում են հազվադեպ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մահացության մակարդակը վերջին տարիներին կազմում Է 3-6 տոկոս:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հաղորդում են ԱՄՆ-ում սեպտեմբերի 12-ի դրությամբ հիվանդության 21 հազար 985 դեպքի մասին:
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել շատ տարածված է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի առանձին շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոցը, ջերմությունը, ցանը, քորը, ինչպես նաեւ մկանային ցավերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: