«Գիշերվա համեմատ ինտենսիվությունը հիմա նվազել է՝ 5 րոպե ընդմիջումներով են կրակում». Խոզնավարի նախկին ղեկավար
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում և հարակից տարածքներում հնչող կրակոցների ձայները պարզ լսվում են, բնակիչներին չեն տարհանել, սակայն երեխաներին գյուղից հանել են։ 168.am-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը։
«Թշնամու հարվածները դեռ գյուղին չեն հասնում, բայց երեխաներին հանել ենք գյուղից՝ իրենց ապահովության համար։ Թեպետ, եթե այդ կրակոցները կան, նշանակում է, մեր ամբողջ տարածքի ուղղությամբ են կրակում։ Երեկ կեսգիշերից սկսած ակտիվ կրակում էին, գիշերվա համեմատ ինտենսիվությունը հիմա նվազել է, հիմա 5 րոպե ընդմիջումներով են կրակում»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Ըստ Խոզնավարի նախկին գյուղապետի, նման սադրանքների միշտ էլ սպասել են, քանի որ թշնամու ախորժակը մինչև Երևանին տիրանալն է։
«Հաջորդը Երևանն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում նախազգուշացրեց, թե պատրաստվեք՝ թշնամին Նռնաձորից կհասնի Երևան։ Ես չգիտեմ՝ այսպես շարունակվի, ինչ է լինելու, չգիտեմ, թե այս ինչ արեցին»,- նշեց Խոզնավարի նախկին ղեկավարը։