Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետև դա հերթական կրկեսն է լինելու. Իշխան Սաղաթելյան

«Կա Ազգային ժողովում ներկայացված հայտարարության տեքստ: «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները. Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ, որտեղ պետք է լինեն հստակ ֆիքսված կետեր ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք կստորագրեն իշխանության կազմած հայտարարության տեքստի տակ՝ կապված ադրբեջանական նոր ագրեսիայի հետ:

Նրա խոսքով՝ հենց այս պահին իրենց խմբակցությունն աշխատում է այդ հայտարարության տեքստի վրա, և քիչ անց կներկայացնեն:

«Իրենք կազմել են տեքստ: Այդ տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես: Անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն, որ լինի ամբողջական: Հենց հիմա աշխատում ենք տեքստի վրա: Նիստին չենք մասնակցելու»,- ասաց նա:

ԱԺ նախկին փոխնախագահը նշեց՝ այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանը:

«Անձամբ իր վարած քաղաքականության արդյունքում է երկիրը բերել-հասցրել այս իրավիճակին: Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետև դա հերթական կրկեսն է լինելու, որևէ բան մեզ չի տալու: Այս պահին նպատակահարմար չենք գտնում, ասացի՝ ինչ պատճառով: Մենք կներկայացնենք մեր առաջարկությունները՝ հստակ ձևակերպված, կլսենք իրենց դիրքորոշումը, դրանից հետո կորոշենք մեր քայլերն ու գործողությունները: Իրականում մենք ունենք այլընտրանքային տեքստ, շատ ավելի ամբողջական: Եթե կանոնակարգը թույլ չի տալիս այլընտրանքային տեքստ, մենք կառաջարկենք լրացնել մեր կետերով իրենց տեքստը»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս