Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:

Եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018թ. աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նաև նրա անձնական մարզիչն է:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ալեքսանյանն ու Միլովը հանդիպել էին 2020 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Ալեքսանյանը հաղթանակի էր հասել 2 րոպեում 9:0 հաշվով:

Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. և 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն:

2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 4 անգամ գլխավորել է լավագույն տասնյակը: Արթուր Ալեքսանյանը 2012-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
2016 թվականից Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի է: 2019 թվականից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս