Բաժիններ՝

Լցակայանները կպարտավորվեն տեսանելի վայրում փակցնել ցուցանակ խախտման մասին

Հայաստանում բենզալցակայաններում և գազալցակայաններում թերլիցքավորման համար կիրառվող տուգանքի չափը կփոփոխվի, ներկայում գործող 500 հազար դրամի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամ ֆիքսված գումար՝ ավելացրած լցակայանի վերջին եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Ազգային ժողովի նիստում այս մասին  Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծով նախատեսվում է, որ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու հաջորդող 3 օրվա ընթացքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում պետք է տեղադրվի ցուցանակ, որում նշված լինի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլցում կատարելու համար։

«Թերլցումը հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը տվյալ լցակայանում բաշխիչ կայանների վրա, վարորդին տեսանելի հատվածում փակցնում է ցուցանակ՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»։ Մյուս փոփոխությունը՝ թույլ է տալու քաղաքացիներին QR կոդով մտնել ծրագիր և տեսնել, թե տվյալ լցակայանը ի՞նչ ստուգումներ է անցել, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, արդյոք հայտնաբերվել են, թե ոչ»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

«Պետք է նշեմ, որ նախագծի նախնական տարբերակը քննարկվել է տնտեսվարողների հետ։ Տնտեսվարողները բավականին դրական են արձանագրել այս մտահաղացմանը, քանի որ բազմաթիվ են դեպքերը, որ բենզալցակայանները, գազալցակայանները տուժում են այլ անբարեխիղճ տնտեսություններից՝ մարդկանց մոտ ստեղծելով կարծիք, որ ամեն տեղ թերլիցքավորում է լինում»,- ասաց Վարդանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս