«Առանց Թուրքիայի մեծ սպառնալիքը քննարկելու, հնարավոր չէ խոսել Արցախի հիմնահարցի մասին». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով՝ հայ-թուրական գործընթացներն ուղիղ կապված են Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, բանակցությունների հետ։

«Սա ամենևին պատահական չէ, որովհետև հայ-թուրանական հակամարտությունը բազմաբաղադրիչ հակամարտություն է, որի միայն մի դրվագն արցախյան դրվագն է, մյուսը կարելի է  համարել Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ բացեիբաց իրականացվող հակամարտությանը բնորոշ լիարժեք գործողությունները։ Օրինակ՝ Հայաստանի դեմ տնտեսական փաստացի պատժամիջոց հանդիսացող սահմանների փակումը»,- ասաց թուրքագետը «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսի ընթացքում։

Ըստ նրա, Թուրքիան արցախյան հակամարտության բանակցային գործընթացին ուղիղ չի մասնակցել, բայց փաստացի շարունակել է հանդիսանալ այդ հակամարտության հարուցիչ և կողմ։ Հետևաբար՝ ոչ թե չափազանցություն կլինի ասել, որ հայ-ադրբեջանական, կամ արցախաադրբեջանական հակամարտության մեջ կա Թուրքիայի դերակատարումը, այլ ընդհակառակը՝ սխալ կլինի չասելը։

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր է  արձանագրել, որովհետև ինքնին այս իրականության արձանագրումն է հնարավորություն տալիս ավելի օպտիմալ լուծումներ գտնել։ Մենք պաշտոնապես ասել ենք, որ Թուրքիան բանակցությունների կողմ չէ, նաև փորձել ենք դա անել բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև դա փաստացի Թուրքիային չեզոքացնելու ձև է եղել մեր կողմից։ Այուամենայնիվ ինքնին կոնֆլիկտը չի ավարտվելու ոչ Արցախի անկախության ճանաչմամբ, ոչ էլ, Աստված չանի, եթե մենք այնտեղ կորցնենք հայ բնակչությանը։ Հետևաբար՝ զեկույցի կարևորագույն մասերից մեկն էլ հենց փորձելն էր այդ խոսույթը դարձնել լիարժեք առարկայական։ Այսինքն՝ առանց քննարկելու Թուրքիայի մեծ սպառնալիքը, հնարավոր չէ խոսել Արցախի հիմնահարցի մասին»,- ընդգծեց Վարուժան Գեղամյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ պատմաքաղաքագիտական քննության ձևաչափով ստեղծված աշխատանքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ բանակցային գործընթացի տարածաշրջանային և միջազգային քաղաքական համաշարին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս