Ադրբեջանական տելեգրամ-ալիքների տեղեկացմամբ՝ Հայաստան կհայրենադարձվի ևս 5 գերի
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Ադրբեջանը ևս 5 գերի կհանձնի հայկական կողմին:
Ի դեպ, դեռևս սեպտեմբերի 5-ին «Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրել էր, որ չի բացառում՝ բրյուսելյան հանդիպումից հետո լինեն գերիների հայրենադարձման դեպքեր:
«Բնականաբար նման բարձր հանդիպումների ֆոնին և ընթացքում հնարավոր է հայրենադարձման խնդիրը բարձրացնել. այդ հնարավորությունը չեմ բացառում, պարզապես տարածաշրջանում այլ բնույթի մրցակցություն կա, և այս ֆոնին պետք չէր նաև անտեսել ՌԴ կողմից կատարված հայտարարությունը, երբ նրանք բացահայտ մեղադրեցին եվրոպական կառույցներին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահեր առաջ մղելու նպատակներով դափնիներ հափշտակելու մեջ»,- ասել էր նա:
Նույն պնդումը նա արել էր նաև «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Հավանականությունը դեռևս տեսնում եմ, այսինքն՝ չկա որևէ փակ տվյալ, որի միջոցով ես պնդեմ, որ նման հանդիպումները չեն կարող ապահովել գերիների հայրենադարձում: Պոտենցիալը գոյություն ունի, բայց կան գործոններ, որոնք խոչընդոտում են անգամ այս հանդիպումների ֆոնին գերիների հայրենադարձումը»,- նշել էր Սիրանուշ Սահակյանը: