Մահապատիժը քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար է. ուժայինները պետք է անցնեն կտրուկ գործողությունների՝ իրավիճակ փոխելու համար. Սյուզան Նաջարյան
Ընդամենը մի քանի օրից Գլխավոր դատախազի պաշտոնը թողնող Արթուր Դավթյանը հեռանալուց առաջ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին առաջարկել է Հայաստանում առանձնահատուկ դեպքերում կատարված պետական դավաճանության համար մահապատժի դատապարտման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: Արթուր Դավթյանը նման որոշման հանգել է, ըստ դատախազության տարածած հայտարարության, հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ի հայտ եկած ենթադրյալ պետական դավաճանության դեպքերը։
«Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի, ընդհուպ՝ մահապատժի կիրառման անհրաժեշտություն»,- ասված է Դատախազության տարածած հայտարարության մեջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգայնագետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Սյուզան Նաջարյանը մահապատիժ սահմանելու վերաբերյալ Արթուր Դավթյանի առաջարկը համարում է հնարավոր մահակ իշխանությունների ձեռքում, ըստ նպատակահարմարության, քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու համար, ուստի, Նաջարյանի կարծիքով, ՀՀ դե ֆակտո իշխանության պարագայում բացառվում է, որ բացահայտվի Արցախը հանձնած որևէ իրական պետական դավաճան։
Զինվորականների լռությունն է պատճառը, որ այսօր կալանավորվել է բարձրաստիճան զինվորական, որը, ի դեպ, ընդգծված ոչ իշխանամետ դիրք չի ունեցել, նրա պես զինվորականները մինչև հիմա լռել են, և նրանց դե ֆակտո իշխանությունները չեն խնայելու որոշակի դավաճանությունների մեջ մեղադրելու և պատժելու գործում։
«Քանի դեռ ՀՀ դե ֆակտո իշխանությունն է նման որոշում գործարկում, այն աշխատելու է ազգային ուժերի դեմ։ Այս իշխանությունները զինվորականներին, ընդդիմադիր կեցվածք ընդունած մարդկանց փորձում են մեղադրել դավաճանական գործողությունների մեջ՝ իրականում մոռանալով, որ վաղ թե ուշ գալու է մի ժամանակ, որ իսկական մեղավորներն են ջրի երես դուրս գալու, և այս մահապատիժը միայն այդ ժամանակ կաշխատի այս իշխանության դեմ։
«Այո՛, սա քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար է, ինչի համար էլ օգտագործվում են նաև կալանավորումը, դավաճանության մեջ մեղադրելը»,- ասաց Նաջարյանը։
Նրա փոխանցմամբ՝ սա թույլ չտալու, ինչպես նաև Արցախի վերջնական հանձնումը կանխելու համար ժամանակն է, որ վճռական դեր ստանձնեն մեր ուժային կառույցները։
«Տեսնում ենք, որ գործադիրի մակարդակում չկա ոչ մի հայանպաստ որոշում, ուստի այս պարագայում պետք է ավելի կտրուկ գործողությունների անցնեն ուժայինները, եթե ցանկանում են երկրում իրավիճակ փոխել։ Յուրաքանչյուր զինվորական, որը մասնակցել է Արցախի պաշտպանությանը, շատ լավ գիտի Արցախի կարևորությունը Հայաստանի համար, ուստի նրանք պետք է գնան վճռական գործողությունների»,- ասաց Սյուզան Նաջարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում