Բաժիններ՝

Մետոպոլիտենում հոգևոր բովանդակությամբ գովազդային վահանակներ պատվիրողի անունը գաղտնի է պահվում

Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված են հոգևոր բովանդակությամբ գովազդային վահանակներ, որտեղ ներկայացված են Աստվածաշնչից հատվածներ։

168.amը Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ո՞վ  է գովազդային վահանակների պատվիրատուն, որքա՞ն գումար է վճարվել դրա համար։

«Պատվիրատուն ցանկություն է հայտնել Երևան քաղաքի մի քանի վայրերում, այդ թվում՝ Երևանի Մետրոպոլիտենի տարածքում գովազդային վահանակների վրա Աստվածաշնչից մեջբերում անել և տեղադրել։ Պատվիրատուն հավուր պատշաճի դիմել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմին, որպեսզի նա տա համաձայնություն, այդ թվում՝ 44 մեջբերումների ստուգում իրականացնի։ Հայ Առաքելական եկեղեցին  բարձր է գնահատել պարտվիրատուի առաջարկը և հավելել, որ տեքստերը, որոնք ընտրված են ցուցապաստառների համար, կարևոր են և հոգևոր նշանակություն կարող են ունենալ դրանք կարդացող յուրաքանչյուր մարդու համար։

Կարդացեք նաև

Այնուհետև պատվիրատուն դիմել է Երևանի Մետրոպոլիտենին և ցանկություն հայտնել թվով 25 վահանակներ փակցնել Մետրոպոլիտենի կայարաններում, կնքվել է համապատախան պայմանագիր, ըստ որի՝ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, բացառությամբ Չարբախ կայարանի, արդեն փակցվել են վահանակները»,- նշեց Տաթև Խաչատրյանը:

Հարցին՝ գովազդային վահանակների պատվիրատուն ո՞վ, ո՞ր կազմակերպությունն է, Տաթև Խաչատրյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել պատվիրատուի անունը, քանի որ անձնական տվյալ է, միայն կարող եմ ասել, որ գովազդային վահանակները Մետրոպոլիտենի տարածքում կմնան մինչև տարվա վերջ»։

Հարցին՝ որքա՞ն գումար է տրամադրել պատվիրատուն գովազդային վահանակների համար և այդ ամենը կարո՞ղ ենք տեսնել  Մետրոպոլիտենի կայքէջում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահին կայքը ժամանակավորապես չի աշխատում։

«Արդեն ասացի, որ 25 գովազդային վահանակ է տեղադրված, յուրաքանչյուր պաստառի մեկ ամսվա վճարը կազմում է 60 հազար դրամ»,- եզրափակեց Տաթև Խաչատրյանը։

168.amԱրարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանտու Նոյեմի Անդրեասյանից նույնպես հետաքրքրվեց, թե ո՞վ է գովազդային վահանակների պատվիրատուն։

«Գովազդի պատվիրատուն մեզ նամակ է գրել՝ դեռ ամիսներ առաջ, Իսակովի պողոտայում, Մետրոպոլիտենում և կարծեմ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ գովազդային վահանակների համար՝ 40-ից ավելի տեքստեր էին ուղարկել։ Մենք այդ տեքստերը հաստատել ենք ըստ Աստվածաշնչի, որպեսզի աղանդավորական տեքստերով չլինի և ուղարկել ենք իրենց։ Իրենք ուղղակի խնդրել էին, որ տեքստերը հաստատենք, որպեսզի հանկարծ սխալ չլինի։

Պատվիրատուն չի ուզում, որպեսզի իր անունը երևա և Աստվածաշնչից բացի, այլ բան լինի վահանակներին։

Ես չեմ կարող պատվիրատուի անունը ասել, քանի որ նա չի ուզում, որպեսզի իր մասին մարդիկ իմանան»,- նշեց Նոյեմի Անդրեասյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ուրիշ վահանակներ էլ կան, որոնք ավելի վաղն են քաղաքում հայտնվել, դրանք մի քիչ ավելի հայկական դիզանով են, հայկական մանրանկարչության զարդանախշերով են հիմնականում։

«Այդ վահանակների տակ գրված է, որ աջակցության համար շնորհակալություն Qahana.am-ին։ Այս վահանակներն էլ այլ մարդիկ են անում, իրենք էլ չեն ուզում իրենց անունը հայտնել՝ ասելով, որ ոչ թե իրենց անձի համար են անում, այլ ուղղակի ուզում են, որ խոսքը տարածվի, բայց իրենք նշում են, որ Qahana.am-ից խմբագրական աջակցություն ունեն։ Իրենք արդեն 5-6 տարի է՝ անում են, այս տղան գարնանից է սկսել արել»,- եզրափակեց Նոյեմի Անդրեասյանը։

Տեսանյութեր

Լրահոս