
Թող երկարամյա բարեկամությունը շարունակի աճել. ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են հղել

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, երկու երկրների բարեկամությունը, համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: ԱԳ նախարարները գրառում են կատարել «Թվիթեր»-ի իրենց միկրոբլոգերում:
«Ջերմագույն շնորհավորանքներս լավ ընկեր և գործընկեր Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին, կառավարությանը և Հնդկաստանի ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շատ ենք արժևորում մեր ամուր հարաբերությունները և պատմական բարեկամությունը և հանձնառու ենք բոլոր ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ևս իր լավագույն մաղթանքներն է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարարատ Միրզոյանին, Հայաստանի կառավարությունն ու ժողովրդին: «Թող մեր երկարամյա բարեկամությունը շարունակի աճել»,-եզրափակել է Սուբրամանյամ Ջայշանկարը: