Բաժիններ՝

Լեզուն զսպելու և ստի տեսակների մասին

Մարդը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր խոսվածքին, որպեսզի իր բերանից դուրս չգան Աստծուն ոչ հաճելի մտքեր, արտահայտություններ ու բառեր: Քրիստոս, կարևորելով լեզուն զսպելը, ասում է. «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10-11, Մարկ. 7.15):

Նաև մեր Տերն ասում է. «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12.36): Մկրտության արարողության ժամանակ Մկրտության խորհրդի կատարումից անմիջապես հետո կատարվում է Դրոշմի խորհուրդը, որի ընթացքում սուրբ մյուռոնով օծվում են նաև մկրտվողի շուրթերը: «Սա եղիցի քեզ ի պահպանութիւն բերանոյ և դուռն ամուր շրթանց քոց»,- ասում է օծումը կատարող հոգևորականը: Այս օծմամբ մկրտյալ մարդուն զորություն է տրվում, որպեսզի քրիստոնյան իրեն հեռու պահի անգամ խոսքով մեղանչելուց:

Մարդը խոսքով մեղանչում է հատկապես այն մեղքերով, որոնք հիշված են մեղքերի թողության համար եկեղեցում ընթերցվող մեղաների շարքում` դժգոհելով, տրտնջալով, բամբասելով և հայհոյելով, որոնք մարդու վրա են կուտակում աստվածային զայրույթը:

Առավել հաճախ նաև ստախոսությունն է տարածված: Հետաքրքրական է իմանալ, որ գոյություն ունեն ստի երեք տեսակներ: Առաջին տեսակը վտանգավոր է և վնասում է մարդուն, ինչպես օրինակ` սուտ վկայելը, չարախոսելը: Երկրորդ տեսակը կատակով է լինում, որ ծաղրածուություն է: Ստի երրորդ տեսակը անվտանգ է և նույնիսկ օգտակար է լինում, ինչպես օրինակ` երբ մոլագարը սուր է խնդրում, ասում ենք, թե չունենք: Գրիգոր Տաթևացու այս օրինակը որոշ տարբերությամբ հանդիպում է նաև Դավիթ Անհաղթի մոտ, ըստ որի բարի է, երբ մեկը ստում է իրեն սուրը պահ տված մարդուն, ով եկել էր բարկության պահին մեկ ուրիշին սպանելու համար սուրը ետ վերցնելու, և ասում է, թե` ինձ ոչինչ չես տվել: Եվ կամ երբ մեզ անարժան մի բան են հարցնում, ասում ենք, թե չգիտենք:

Առաջին տեսակի սուտը` չարախոսությունը, սուտ վկայությունը մահու չափ մեղք է: Երկրորդ տեսակինը` կատակախոսությամբ լինողը, որ առավել աշխարհականների մեջ է հանդիպում, ներելի մեղք է, երբ հազվադեպ է կատարվում: Սակայն երբ այն միշտ է լինում և այն էլ եկեղեցում, ապա մահու չափ մեղք է, ինչպես որ Սուրբ Գրիգոր Տաթևացու վկայակոչմամբ ասում է Սուրբ Նեղոսը. «Ծաղրածու կրոնավորը գերգեսացի դև է»: «Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք» (Ղուկ. 6.25): Եվ այսպիսի կատակերգակը պատճառ է լինում դատարկաբանության ու ենթակա է պատասխանատվության: Եվ դատվելու են ոչ միայն ստախոսներն ու դատարկախոսները, այլև հավանությամբ նրանց լսողները:

Սուրբ Հակոբոս առաքյալը ևս իր ընդհանրական թղթում խոսում է լեզուն զսպելու անհրաժեշտության մասին: Ձիերը կառավարվում են ոչ մեծ սանձով և հսկա նավերը` փոքր ղեկով: Այդպես էլ մարդու անդամների մեջ հաստատված լեզուն է, որը սխալ ընթացքի դեպքում կարող է ապականել ամբողջ մարմինը` դատապարտելով գեհենի կրակին, ինչպես որ փոքրիկ կրակը մեծ անտառներ է հրդեհում (Հակ. 3.1-6): Նույն լեզվով օրհնություններ ու վատ խոսքեր են ասվում, ինչը խիստ դատապարտելի է: «Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի» (Հակ. 3.9-10),- քաղցրաբար հորդորում է Սուրբ Հակոբոս առաքյալը:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս