«Չի կարող Այգեպարի հետ կապված նման բան լինել, բացառում եմ». Այգեպարի գյուղապետը՝ Ադրբեջանի մտադրությունների մասին
Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերը հանձնելուց հետո լրատվամիջոցներից մեկը իշխանական աղբյուրներին հղում տալով՝ փոխանցել էր, թե հաջորդը զիջելու են Հայաստանի բուն տարածքից, մասնավորապես՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի հատվածից։
«Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման աշխատանքների արդյունքում, առանց ուժի կիրառման։ Ադրբեջանը վճռական է տրամադրված հայկական տնօրինության տակ գտնվող Այգեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի հարցում և պնդում է, որ այդ տարածքը խորհրդային տարիներին իրեն է պատկանել, և զիգզագի կամ սեպի տեսք ունեցող հատվածում պետք է սահմանազատում արվի, ու այդ սեպը վերանա»,- գրել է լրատվամիջոցը։
168.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Արկադի Յամուկյանն ասաց, որ այդ ամենը խելքին մոտ բան չէ։
«Այդ ամենը կա՛մ վրիպակ է, կա՛մ տառասխալ, կա՛մ էլ չի կարող Այգեպարի հետ կապված նման բան լինել. բացառում եմ։ Այդ ամենը հնարավոր բան չէ, կոնկրետ Այգեպարի անունն առաջին անգամ է շրջանառվում, ինքս էլ եմ մամուլում կարդացել։ Չեմ կարծում, որ Այգեպարի հետ կապված նման բան լինի, գուցե անունն են սխալ գրել»,- նշեց Այգեպարի գյուղապետը։
Ինչ վերաբերում է հայերի ու ադրբեջանցիների հնարավոր համակեցությանը, որի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարբեր քաղաքական գործիչներ հայտարարություն են անում, Արկադի Յամուկյանը նկատեց՝ այս պայմաններում առայժմ բացառվում է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են կողք կողքի ապրել։
«Գուցե տարիներ հետո հնարավոր լինի համատեղ ապրեն, բայց այս պահին բացառվում է։ Պետք է հասնենք ինչ-որ կետի, որտեղ կլինենք հավասար պայմաններում ու այդ ժամանակ էլ կխոսենք խաղաղության մասին։
80-ականներին, երբ համատեղ էինք ապրում, իհարկե, լինում էին վեճեր, դե վեճեր կարող են լինել նաև հիմա, երբ բոլորս հայ ենք, փոքր-մոքր վեճեր լինում էին»,- եզրափակեց Այգեպարի գյուղապետը։