«Այս պահին դեռ նման հարց չի քննարկվում». Էկոնոմիկայի նախարարությունը` «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին փոխհատուցելու մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին և տուժած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծ է մշակել և շրջանառության մեջ դրել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 168.am–ին տեղեկացրեցին, որ նախագծով հստակեցվել է շահառուների շրջանակը, որի համաձայն՝ «աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, որոնք հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց հետո կնշենք նաև նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- փոխանցեցին նախարարությունց:
Էկոնոմիկայի նախարարությունից էլ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նմանատիպ նախագիծ մշակվելու է նաև տուժած տնտեսվարողներին որևէ կերպ աջակցելու կամ կրած վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար, լրատվական վարչությունից պատասխանեցին. «Այս պահին դեռ նման հարց չի քննարկվում»:
Հավելենք, որ օգոստոսի 24-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողների կրած վնասը:
«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարն այդ ռիսկը մեծ չի համարել, ապա Կառավարությունն այստեղ անելիք չունի։ Կարծում ենք, որ Հայաստանի բիզնեսներն ու ընկերությունները պետք է սովորեն աշխատել բարձր ստանդարտներով և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրել իրենց շրջանառու միջոցները, անշարժ գույքը, և չակնկալեն, որ իրենց բացթողումը Կառավարությունը պետք է վերացնի»,- ասել էր Քերոբյանը։