«Ուղիղ եթեր» նոր կատակերգական ֆիլմ. ֆեյսբուքյան ուղիղ եթերով սկանդալային բացահայտումների, ընկերության և սիրո մասին
Բոլորի առօրյայի անբաժան մաս դարձած համացանցի ու ուղիղ եթերների կարևորության, երբեմն էլ՝ դրանց հետևանքով տարբեր փորձությունների պատճառների մասին պատմող նոր ֆիլմ է ներկայացվել հայ հանդիսատեսին։
«Ուղիղ եթեր» նոր կատակերգությունը նաև ընկերության և սիրո մասին է, թե ինչերի է ընդունակ մարդը հանուն սիրո ու ընկերության՝ անկախ իր սոցիալական դիրքից և հասարակության մեջ իր մասին ձևավորված պատկերացումներից։
Ֆիլմը երկու երիտասարդ ստեղծագործողների՝ Ֆիլիպ Պողոսյանի և Օնիկ Հովհաննիսյանի աշխատանքն է, որով մարդկանց ուզում են նաև ցույց տալ, թե ինչպես կարող են արդյունավետ օգտագործել համացանցը՝ նպատակին հասնելու համար։
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հենրին, սկանդալային հրապարակումներով հայտնի լրագրող է։ Օլիգարխներից մեկի մասին հերթական սկանդալային նյութը նկարահանելու ընթացքում նրան առևանգում են: Հենրիի ընկերները՝ Արսենը և Ֆելիքսը, պարզում են նրա գտնվելու վայրը և շտապում օգնության: Արկածներով և տարօրինակ հանդիպումներով լի ճանապարհը նրանց հասցնում է անսպասելի վերջաբանի։
Ֆիլմի պրեմիերայից առաջ ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանը և Օնիկ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կատակերգություն, այն էլ՝ այս շրջանում, երբ երկիրը բազմաթիվ վայրիվերումների մեջ է, ասացին՝ դժվարին օրերում մի քիչ ծիծաղ, մի քիչ հումորը կարող է օգնել մարդկանց։
«Այդ դժվարությունների միջով բոլորն են անցել, մենք էլ ենք անցել, ցավը բոլորի մոտ էլ կա։ Կարծում եմ՝ կատակերգությունը մի հզոր կետ է հակառակ բևեռում, որտեղ մարդիկ գնում են մի քիչ դրական լիցքեր ստանալու համար։
Այսօր սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, ֆիլմում դա երևում է։ Կարծում եմ՝ ֆիլմը հայ հանդիսատեսը կհավանի, փորձել ենք կինոյի օրենքներով առաջնորդվել։ Այսինքն՝ ֆիլմ նկարահանելու համար սահմանել ենք բարձր նշաձող և փորձել ենք ստանալ բարձր որակ»,-նշեց Ֆիլիպ Պողոսյանը։
«Այդ ֆիլմը նկարահանել ենք բացառապես երիտասարդներով, սա, կարծում եմ՝ դրական կողմերից մեկն է։ Դերասանական անձնակազմի մեծ մասը ֆիլմում իր առաջին քայլերն է անում, բոլորն էլ նվիրված աշխատել են, ուստի կարողացել ենք արդյունք ստանալ»,- նշեց Օնիկ Հովհաննիսյանը՝ խոստովանելով, որ հեշտ չէ ֆիլմ նկարահանել և չունենալ ֆինանսական միջոցներ, սակայն, երբ աշխատանքը սկսում ես, և մարդիկ քեզ հավատում են, բազմաթիվ մարդիկ սկսում են օգնել։
«Մեզ մոտ հենց այս տարբերակն է եղել, մարդիկ հավատացել են մեզ և օգնել, իսկ այսօր արդեն, ինչպես տեսնում եք, ֆիլմի պրեմիերան է։
Ֆիլմը ներկայացվելու է ՀՀ ամբողջ տարածքում, նախ գնալու է Սյունիքի մարզ, այնուհետև՝ Գյումրի, և այդպես՝ բոլոր վայրերում։
Ֆիլմում այդ միտումը կա, որ այն կարող է դառնալ ընտանեկան ֆիլմ, հիմքում դրված է ժամանակակից թեմա»,- հավելեց Օնիկ Հովհաննիսյանը։
Ռեժիսորների խոսքով՝ Հայաստանում կան տաղանդավոր դերասաններ, ռեժիսորներ, հետևաբար՝ հեշտ է ֆիլմ ստեղծելը, քանի որ թիմը ձևավորելուց հետո ամեն ինչ աստիճանաբար լինում է։
Դերակատարներն են Վարուժան Մանուկյանը, Էմմա Շաբոյանը, Արմեն Մարգարյանը, Օնիկ Հովհաննիսյանը, Ֆիլիպ Պողոսյանը, Տիգրան Բարսեղյանը, Սեդա Ավագյանը, Հարութ Բեգ-Վանյանը, Ջեմմա Մարտիրոսյանը, Արև Հակոբյանը, Լարիսա Ենգիբարյանը և Դանիել Տատինցյանը:
Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրել կոմպոզիտոր Թաթոս Հակոբյանը։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երևանում։ Նկարահանումները տևել են 6 ամիս։ Հիմնականում նկարահանել են «Ջրվեժ» անտառապարկում։