Քանի մերոնցով ենք, ասեմ՝ պետությունը փող է ծախսում աշխատատեղ ցույց տալու համար. ՔՊ-ական պատգամավորը տեղյակ չէր, որ նիստն ուղիղ հեռարձակվում է
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հարց ուղղեց Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին՝ իրականացվող ճանապարհաշինության ու անորակ ասֆալտի վերաբերյալ։
Թեպետ լրատվամիջոցներով նիստը ուղիղ եթերով էր հեռարձակվում, սակայն ՔՊ-ական պատգամավորը տեղյակ չէր, ուստի անկեղծ հարց տվեց՝ իրականությունն արտացոլող։
«Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետևում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետև ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»,- նշեց պատգամավորը, որին ընդատեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հուշելով, որ փակ քննարկում չէ, և լրատվամիջոցները լուսաբանում են։
«Փակ քննարկում չէ, ամեն դեպքում մեզ հետևում են»,- զգուշացրեց Բաբկեն Թունյանը։
Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց՝ «ուղիղ եթե՞ր է» , ինչին ի պատասխան՝ Թունյանն ասաց, որ ուղիղ եթեր չկա, բայց լրագրողները լուսաբանում են, այնուհետև հասկանալով, որ իր խոսքը ևս եթերում հնչել է՝ փորձեց ստեղծված տհաճ իրավիճակը մեղմել.
«Չեմ կարծում, թե գաղտնի բաներ եք ասում, էլի մենք մերոնցով ենք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում