«Պարզ է՝ կա որոշակի ուղեգիծ, որն իրականացվում է». Քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին

ՀՀ կառավարությունից արդեն հաստատել են, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը փոխանցել էր, որ հանդիպմանը կքննարկվեն այն նույն հարցերը, որոնք մինչ այս Բրյուսելում եղել են քննարկման առարկա:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով Փաշինյան-Ալիև նախատեսվող հանդիպմանը, նշեց, որ որևէ ակնկալիք չունի այդ հանդիպումից։

«Այսօր փաստացի այդ մարդն է ղեկավարում Հայաստանը, անկախ այն հանգամանքից, թե ինչպես վերաբերվենք դրան, օրինակ, եթե լիներ այլ մարդ, որը ղեկավարեր, կարելի էր դրա մասին խոսել։ Ինքս այդ հանդիպումից ակնկալիքներ չունեմ։

Կարդացեք նաև

Փաստացի պատերազմից հետո կա խնդիրների որոշակի փաթեթ, որոնք պետք է իրականացվեն  եռակողմ հայտարարությամբ, դրանից զատ, Ադրբեջանն ու Թուրքիան որոշակի ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի իրականացնի այդ խնդիրները։ Խոսքը վերաբերում է սահմանների ճշտմանը, «խաղաղության պայմանագրին» և կոմունիկացիաներին։ Փաստացի բոլոր հանդիպումները, որոնք այս ընթացքում եռակողմ ձևաչափով եղել են, դրանք բոլորն էլ հիմնականում նվիրված են այդ երեք կետերի իրականացմանը։ Հետևաբար՝ ըստ երևույթին նախատեսվող հանդիպումն էլ է այդ հարցերին վերաբերելու։

Չի բացառվում, որ այս անգամ հանդիպումը մեծամասամբ վերաբերի կոմունիկացիաներին, քանի որ այդ հանդիպմանը նախորդել են մի շարք իրադարձություններ՝ ՀՀ սահմանում անցակետերի տեղադրում, Բերձորի հանձնում և այլն։ Այդուհանդերձ մտածել, որ այդ հանդիպման ժամանակ Հայաստանի դիրքորոշումներով որևէ փոփոխություն կնկատվի՝ չեմ կարծում։ Պարզ է, որ կա որոշակի ուղեգիծ, որն իրականացվում է»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Բաքու կատարած այցի ընթացքում Ալիևին «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» բարձրագույն շքանշանով պարգևատրելու և «պատմական հաղթանակ» տանելու առթիվ շնորհավորելուն, մեր զրուցակիցը պատասխանելով  հարցին, թե հայկական կողմն ինչպե՞ս պետք է այս ամենին արձագանքի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ  2022 թվականի հունվարին Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում իր զինծառայողներին գործուղել էր Ղազախստան՝ այս երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով, Դավիթ Հարությունովը նկատեց՝ Ղազախստանի այս քաղաքականության մեջ որևէ նոր բան չկա։

«Ղազախստանը միշտ բավականին լավ հարաբերությունների մեջ է եղել Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ։ Սա պայմանավորված է թե՛ Թուրքիայի ակտիվությամբ՝ Կենտրոնական Ասիայում, թե Ադրբեջանի տարանցիկ դիրքով, որովհետև այն ռեսուրսների մի մասը, որը Ղազախստանը կարող է արտահանել դեպի ԵՄ, ինչ-որ ձևով չեն շրջանցի Ադրբեջանին, քանի որ Կասպից ծովի միջոցով իրականացվող ցանկացած էներգակիրների տեղափոխում, գալիս, կոպիտ ասած,  կպնում է  Ադրբեջանին։ Այս տեսանկյունից Ղազախստանի համար Ադրբեջանն ու Թուրքիան բավականին կարևոր երկրներ են, ուստի իրենց դիրքորոշման մեջ որևէ նոր բան չի եղել։ Ադրբեջանի նշանակությունը հատկապես այժմ աճելու է, որովհետև ինչպես արդեն ասացի՝ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի միջոցով էներգակիրների ներկրման համար, և այստեղ Ղազախստանը կարող է ինտեգրվել այդ հնարավոր երթուղու մեջ»,- շեշտեց Դ. Հարությունովը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործոնին, որի անդամ են և՛ Հայաստանը, և՛ Ղազախստանը, քաղաքագետն ընդգծեց՝ այն, որ ՀԱՊԿ-ում միշտ եղել են տարբեր և երբեմն  իրար հակասող մոտեցումներ՝ նորություն չէ, այստեղ էլ նոր բան չկա։

Տեսանյութեր

Լրահոս