Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին է խոսել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը oգոստոսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։

Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս