Սարդարապատի շինարարական աշխատանքների վերաբերյալ իրականացված մշտադիտարկմամբ հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ
ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ընդամենը 18.522.250 դրամի խախտումներ:
«Համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ եւ ծառայություններ:
1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված հողային աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 6.884.710 դրամի աշխատանքներ: Բացի այդ համայնքապետարանի կողմից չի հաշվարկվել եւ գանձվել աշխատանքների ուշացաման օրերի դիմաց պայմանագրով նախատեսված 429.770 դրամ տույժի գումարները:
2. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման համակարգի պոլիեթիլային խողովակաշարերի անցկացման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված եւ փաստացի տեղադրված խողովակաշարերի տրամաչափերի տարբերության դեպքեր, որի գումարային տարբերությունը կազմել է 5.852.500 դրամ:
3. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2019թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման ցանցի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 714.120 դրամի աշխատանքներ:
4. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի կողմից Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարներով իրականացված ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքների (ջրաչափական հորերի տեղադրում, ջրաչափերի տեղադրում եւ մոնտաժման այլ աշխատանքներ) գծով արձանագրվել են հավաքագրված գումարների նկատմամբ պակաս կատարված 3.506.720 դրամի աշխատանքներ: Հարկ է նշել, որ Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները համայնքապետարանի կողմից չի հաշվառվել, դրամարկղ չի մուտքագրվել, ինչպես նաեւ չի մուտքագրվել Համայնքի բյուջե:
5. Համայնքապետարանի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել ապրանքներ եւ ծառայություններ, սակայն չի հաշվարկվել եւ ՀՀ պետական բյուջե չի փոխանցվել եկամտային հարկի գումարը 866.800 դրամի չափով, որով խախտվել է ՀՀ Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:
6. Համայնքապետարանի կողմից տեխնիկական հսկողության դիմաց տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությանը պայմանագրային գումարը վճարվել է ամբողջությամբ, այն դեպքում, երբ իրականացվել են պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալի ընդամենը 64%-ը: Ավել վճարված գումարը կազմել է 252.000 դրամ:
7. Սարդարապատի համայնքապետարանի կողմից կազմակերպված գնման գործընթացները իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՀՀ կառավարության որոշումների դրույթների բազմաթիվ խախտումներով: Համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ եւ ծառայություններ:
Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետեւանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու եւ հետագա ընթացքն ապահովելու համար։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետեւողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու եւ բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։