Ինչպես կազդեն հայ-թուրքական հարաբերությունները Վրաստանի տնտեսության վրա. կարծիքներ

Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրային համեմատաբար նվազ հարաբերությունները հասկանալի են, եթե նկատի ունենանք նաև երկու երկրների միջև առկա և՛ պատմական, և՛ քաղաքական, և՛ պետական ​​հարաբերությունների խնդիրները, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն։

Իսակաձեի խոսքով, պետք չէ ակնկալել, որ ապրանքաշրջանառության մակարդակը բարձր կլինի, քանի դեռ չեն կարգավորվել դիվանագիտական ​​ու քաղաքական հարաբերությունները։

«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, գործարար համայնքը կխուսափի այս երկրներում գործունեությունից, նկատի ունեմ հայկական և թուրքական բիզնեսները։ Այժմ հնարավորություն կա մեղմելու իրավիճակը, եթե ի կատար ածվի Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների հետ կապված խաղաղ համաձայնագիրը, այսինքն՝ վերջնական սահմանազատման-սահմանագծման համաձայնագիրը»,- ասում է տնտեսագետը:

Ըստ Իսակաձեի՝ հետագայում վերոնշյալը Հայաստանի համար զարգացման լիովին նոր ուղիներ կբացի. այնուամենայնիվ, առջևում դժվար ու «զգացմունքային» ճանապարհ է սպասվում։

Տնտեսագետը նկատում է, որ Վրաստանը՝ որպես տարանցիկ միջանցք, Հայաստանի և Թուրքիայի համար դարպաս է դեպի նոր երթուղիներ:

Սակայն, նա նաև հավելում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մեծ ներուժ կա՝ օդային բեռնափոխադրումների և ցանկացած այլ տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների ակտիվացման ուղղությամբ՝ առանց Վրաստանի:

«Վրաստանի կարևորագույն աշխարհաքաղաքական գործառույթներից է Արևմուտք-Արևելք և Հարավ-Հյուսիս միջանցքների տարանցիկ գործառույթը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին:

Մելաշվիլիի խոսքով, այս երկու միջանցքներում էլ Վրաստանի կարևոր գործընկերներն են հարևան երկրները. առանց Հայաստանի` հյուսիս-հարավային միջանցքն անհնար է.

«Վրաստանի համար այս աշխարհագրական իրավիճակը և՛ անեծք է, և՛ օրհնություն»:

Մելաշվիլին ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման արդյունքում՝ Վրաստանի տարանցիկ փոքր կորուստները շուտով մեղմվելու են մի քանի էական օգուտների շնորհիվ. նախ՝ Վրաստանին չափազանց ձեռնտու է տարածաշրջանային կայունության ամրապնդումը, ինչը ճանապարհ կբացի տարածաշրջանային խոշոր նախագծերի համար, և երկրորդ՝ կնվազի Հայաստանի ընդհանուր կախվածությունը Ռուսաստանից, ինչը նույնպես Վրաստանի շահերից է բխում:

Նշենք, որ թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել էր, որ Վրաստանի տարածքով տարեկան միջինը մինչև 15 հազար Թուրքիայի և Հայաստանի բեռնատար է անցնում, իսկ երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 230 մլն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս