
Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը. պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է

Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց,որ պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են:
«Այդ գործընթացը բեռնատարների վարորդների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ բեռնատարների հիմնական մասը գերբեռնված են, իսկ գերբեռնված բեռնատարները տուգանվում են տեսչական մարմնի կողմից՝ 200 հազար դրամի չափով: Իրենք պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա: Սակայն սահմանված նորմեր կան, և դրանց խախտումն առաջացնում է նաև պատասխանատվություն»,-ասաց Սոնա Հարությունյանը:
Խոսնակն ընդգծեց, որ Կառավարության և անձամբ վարչապետի կողմից խիստ հանձնարարական կա հետևել այդ նորմերի պահպանմանը: