Ադրբեջանական հերթական սադրանքը՝ Ֆաթուլաևի դեմքով

Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն էր հրապարակել, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ։

Իր այդ հրապարակումից հետո նա մեկ-երկու լուսանկար էր հրապարակել, որտեղ Աղավնոյում իբր խոսում է տեղի բնակիչների հետ։

168.am-ի հետ զրույցում  Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանն ասել էր, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

«Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, այն իրականությանը չի համապատասխանում»,- նշել էր Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակը։

Կարդացեք նաև

168.amի արցախյան աղբյուրները վստահեցնում են, որ իրականում այս ամենն ադրբեջանական սադրանքների շարքից է, քանի որ Ֆաթուլաևին ռուս խաղաղապահներն Աղավնո չեն ուղեկցել։

«Ադրբեջանցիները երբեմն կալոննաներով այդ ճանապարհով գնում-գալիս են, երբեմն՝ օրը երկու անգամ։ Ֆաթուլաևն այդ ճանապարհով անցնելիս, ըստ երևույթին, կանգ է առել, իջել նկարվել, լուսանկարներ է արել ու տարածել, սա պրովոկացիա է։ Գուցե բնակիչներից ոմանք նրան տեսել են ու չեն իմացել, թե ով է։ Չեմ բացառում, որ եթե նա խոսել է բնակիչներից որևէ մեկի հետ, ապա ներկայացել է՝ որպես արտասահմանյան լրագրող։

Բացառվում է, որ ռուս խաղաղապահները նրան ուղեկցեն Աղավնո, որտեղ այս պահին բնակիչներ են ապրում։

Հնարավոր չէ, որ նա հատուկ, որպես ադրբեջանցի լրագրող՝ գար Աղավնո և խոսեր բնակիչների հետ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս