«Իմ ենթադրությամբ՝ դրանք առավելապես թշնամական երկրների կողմից ուղղորդվող կառույցներ են». Արմեն Պետրոսյան
Ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգերն արդեն չեն սահմանափակվում մայրաքաղաքով. նոր ահազանգերի մասին տեղեկանում ենք նաև մարզերից: Հերթականն այսօր էր․ Գյումրու երկաթուղային կայարանում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքերի առկայության մասին տեղեկությունը միայն ժամեր անց հերքվեց:
Փորձագիտական տարբեր շրջանակներ վերջին շրջանի հայաստանյան իրադարձությունները դիտարկում են հիբրիդային պատերազմի հարթության մեջ:
Տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ տևական ժամանակ շարունակական բնույթ կրող կեղծ ահազանգերի միտումը ՀՀ դեմ իրականացվող նպատակային քաղաքականություն է:
«Այն միաժամանակ մի քանի ուղղություն ունի.
առաջինը, բնականաբար, դեռևս 44-օրյա պատերազմից հետո չվերականգնված հայ հասարակությանն անընդհատ սարսափի, մտահոգության, վախի մթնոլորոտում պահելն է, մյուս կողմից՝ պետական կառույցների համար տարաբնույթ խնդիրներ ստեղծելը՝ թույլ չտալով կենտրոնանալ իրենց առօրյա գործունեության վրա, պարալիզացնել նրանց աշխատանքը,
զուգահեռաբար նաև բթացնել հասարակությանը, որովհետև պարզ է՝ նման կեղծ ահազանգերի շարունակականությունը կարող է բթացնել և՛ հասարակությանը, և՛ պետությանը (և չի բացառվում, որ որևէ պահի արդեն իրական, թեկուզ աննշան որևէ միջադեպ կարող է լուրջ հետևանքներ ունենալ ՀՀ ներքին կյանքում),
թույլ չտալը, որպեսզի Հայաստանը վերականգնվի, զարգանա՝ ձևավորելով ոչ անվտանգ պետության իմիջ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց փորձագետը:
Արմեն Պետրոսյանը վերջին դիտարկումը պայմանավորում է հատկապես ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՀՀ ուղղվող տնտեսական հոսքերի համատեքստում. ըստ նրա՝ հակառակորդներն այս կերպ նաև փորձում են մտավախություն առաջացնել այն պոտենցիալ տնտեսվարողների շրջանում, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը տեղափոխել և գործել Հայաստանում:
«Այս ամենի վերլուծությունը թույլ է տալիս կանխատեսել, որ իրականացվում է նպատակային քաղաքականություն, որի հետևում կարող են կանգնած լինել կազմակերպված խմբեր: Իմ ենթադրությամբ՝ դրանք առավելապես թշնամական երկրների կողմից ուղղորդվող կառույցներ են, պետական կառույցներ, որոնք նպատակ են հետապնդում կազմաքանդել ՀՀ-ն, վերացնել մեր պետականությունը»,- հավելեց նա:
Անդրադառնալով տարածաշրջանային առկա իրողություններում խաղաղության օրակարգերի կենսունակության ու իրատեսական լինելու մասին մեր հարցադրումներին՝ տարածաշրջանի հարցերով փորձագետը նշեց.
«Խաղաղության օրակարգը ներկա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, չեմ կարծում, որ այդքան իրատեսական է. այն քաղաքական ուղեգիծ է, որի տակ պետք է լիներ բովանդակություն, բայց այն փաստացի չկա:
Իսկ ներկա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մենք ականատես ենք լինելու ՀՀ հանդեպ թշնամական քաղաքականություն վարող հարևանների կողմից նպատակային քաղաքականության՝ ստանալու ՀՀ-ից առավելագույնը՝ առանց նվազագույն զիջումների: Ընդ որում, դա իրականացվելու է և ՛ Ադրբեջանի կողմից՝ Հայաստան-Ադրբեջան առանձին օրակարգի համատեքստում, և՛ Թուրքիայի կողմից:
Այս երկու դերակատարները գործելու են ձեռք ձեռքի բռնած, միասնաբար և փոխադարձաբար ճնշումներ գործադրելով, փորձելու են առաջ տանել ընդհանուր օրակարգը, որքանով թույլ կտան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակները»: