
«Գազպրոմ»-ը կանխատեսում է, որ ձմռանը Եվրոպայում գազի գինը կգերազանցի 4000 դոլարը

«Գազպրոմ» ընկերությունը ներկայացրել է յոթ ու կես ամսվա հաշվետվությունը։ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ արտահանումը կազմել է 78,5 մլրդ խմ՝ նվազելով 36.2%-ով։ Միաժամանակ, դեպի Չինաստան արտահանումը շարունակում է աճել։ Ընկերության համեստ գնահատականներով՝ ձմռանը Եվրոպայում գազի գինը կգերազանցի 1000 խմ-ի համար 4000 դոլարը, գրում է kommersant.ru-ն։
Հուլիսի վերջին Եվրոպայում գազի գինը սկսեց բարձրանալ՝ գերազանցելով 1000 խմ-ի համար 2000 դոլարը։ Պատճառը «Գազպրոմ»-ի կողմից «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումների կրճատումն էր:
Երեկ՝ օգոստոսի 15-ին, Եվրոպայում գազի գինը 1000 խմ-ի համար թանկացել է մինչև 2500 դոլար՝ հասնել ռեկորդի և գերազանցելով մարտի սկզբի արժեքները։ Գազը թանկանում է շոգի և երաշտի պայմաններում, ինչը դժվարացնում է գետերով ածուխ մատակարարելը։ Բացի այդ, Նորվեգիայից գազի մատակարարումները նվազել են արտադրական ակտիվների պլանային վերանորոգման պատճառով: