«Սուրմալու»–ում՝ մեկ տասնյակից ավելի հրդեհային անվտանգության կանոնները խախտած և մեկ տարի առաջ վարչական պատասխանատվության ենթարկված գործարանի տնօրենը Իրինա Մադաթովան է
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 2 օր է անցել, զոհերի թիվը 16 է, անհետ կորած է համարվում 10 քաղաքացի։ ԱԻՆ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ գտնելու փլատակներում մնացած անձանց։
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, նաև հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածով:
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում դեռ երեկ էր ասել, որ 2021 թվականի մարտի 9-16-ը ներառյալ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գործող «Երևանի պահածոներ գործարան» ՓԲԸ-ում ստուգումներ էին անցկացվել։
«Հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։ Տնօրինությանը տրվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Տեսչական մարմինը նաև վարչական պատասխանատվության միջոց է կիրառել ընկերության նկատմամբ»,- ասել էր նա։
168.am-ն այսօր Ելենա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ անունով է ուղարկվել կարգադրագիրը, և ո՞վ է ստացել այն․
«Ղեկավարվելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով 2021 թվականի ապրիլի 16-ին տեսչական մարմնի որոշմամբ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովան ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Կարգադրագիրը նաև Իրինա Մադաթովան է ստորագրել և վերցրել։ Նույնիսկ մինչև կարգադրագրի տալը՝ վարչական վարույթի ժամանակ, նա մեզ նամակ է գրել, որ վարչական վարույթն իրականացնենք առանց իր ներկայության»։
Ելենա Զոհրաբյանը նաև նշեց, որ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում վերստուգման ժամկետ է նախատեսված եղել 2022 թվականի երրորդ եռամսյակի վերջին․
«Ըստ հերթականության պետք է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերստուգումն իրականացնեինք»։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ տնօրենի հետ, սակայն պատրաստ ենք լսել նաև նրա տեսակետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով օգոստոսի 16-ի ժամը 13։30-ի դրությամբ կա 16 զոհ, 60 տուժած: Անհետ կորած է համարվում 10 քաղաքացի։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։