Բաժիններ՝

«Ստուգման արդյունքում չէինք հասել այդ փուլին, որ «Սուրմալու» տոնավաճառը վերստուգվեր». Ելենա Զոհրաբյան

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, տեղում շարունակում են աշխատել որոնողափրկարարական խմբերը՝ փլատակներում մնացած անձանց գտնելու համար։ Մամուլում արդեն եղան հրապարակումներ առևտրի կենտրոնում անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել, նաև հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածով: Արդյո՞ք անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն կամ խախտումները կանխելուն ուղղված որևէ գործողություն կատարել են պատկան մարմինները:

168.amի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանն ասաց, որ դեռևս նախորդ տարի՝ 2021 թվականի մարտի 9-16-ը ներառյալ ընկերության առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ են անցկացվել։

«Ստուգման արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։ Տնօրինությանը տրվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Նաև տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոց է կիրառվել ընկերության նկատմամբ»,- նշեց Ելենա Զոհրաբյանը։

Հարցին՝ արդյո՞ք տեսչական մարմինը ստուգում կատարելուց հետո, վերստուգումներ կատարել է «Սուրմալուում», մեր զրուցակիցը պատասխանեց, որ, կանոնակարգի համաձայն, կարգադրագիր տրամադրելուց հետո տեսչական մարմինը պետք է իրականացնի վերստուգում, և վերստուգում իրականացնելուց հետո, եթե նորից տեսնում է, որ խախտումները չեն շտկվել, երկրորդ կարգադրագիրն է տալիս ավելի սեղմ ժամկետներում։ Եթե երկրորդ կարգադրագրի պահանջները չեն իրականացվում՝ իրականացվում է  օբյեկտի գործունեության կասեցում։

Կարդացեք նաև

«2021 թվականին ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ունեցել ենք բազմաթիվ ստուգվող օբյեկտներ, վերստուգումն իրականացրել ենք ստուգմանը զուգահեռ։ Վերստուգվող օբյեկտների քանակը ևս շատ է եղել, ինչն իրականացվել է ըստ հերթականության։ Ստուգման արդյունքում չէինք հասել այդ փուլին, որ «Սուրմալու» տոնավաճառը վերստուգվեր։

Մենք միայն նախորդ տարի շուրջ 396 օբյեկտում ստուգում ենք իրականացրել և դրան զուգահեռ՝ 249 վերստուգում»,- եզրափակեց Ելենա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ըստ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության, ստուգումների արդյունքում «Սուրմալու» տոնավաճառում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

Մասնավորապես հայտաբերվել են հետևյալ խախտումները.

Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա,

Շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով,

15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի (Помещение) դռները չեն բացվում դեպի դուրս,

Օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով,

55 քմ գերազանցող մակերեսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (помещение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ,

Արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյեկտների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը,

Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1×2,5 լ/վրկ ջրի շիթով,

3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի սենքերը (Помещение) սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով:

Անկախ մակերեսից 3 և ավելի հարկայնություն ունեցող առևտրի կազմակերպության շենքում սարքավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։

Առևտրի և հասարակական նշանակության սննդի օբյեկտները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։

​«Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավել հեռավորության վրա։

Տեսանյութեր

Լրահոս