«Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումներն արժանանում են իրանական հակազդեցությանը». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական ակտիվությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո հարավկովկասյան տարածաշրջանում զգալիորեն աճել է. խոսքը վերաբերում է նաև Հայաստանի հանդեպ իրանական հետաքրքրությանը:
«Եթե համեմատական անցկացնենք հետպատերազմյան և նախապատերազմյան շրջանի հետ, ապա ակնհայտ է, որ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, արցախյան հիմնախնդիրը, Ադրբեջանում թուրքական ներկայությունն իրանական արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցնում են առաջնային դիրքեր: Այդ ամենի համատեքստում հատկապես Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական զանազան ագրեսիվ հայտարարությունները և գործողություններն Իրանին չեն կարող անտարբեր թողնել, որովհետև Սյունիքի մարզի միջոցով Իրանի հետ ցամաքային կապը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար: Ուստի իրանցիներն իրենց ունեցած ամբողջ գործիքակազմով աշխատում են այդ ուղղությամբ, և Կապանում իրանական հյուպատոսության բացումը նույնպես տեղավորվում է այս տրամաբանության մեջ. արդեն նշանակվել է հյուպատոս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը:
Վարդան Ոսկանյանը հղում անելով Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորի հայտարարություններին, նշեց, որ որոշ բյուրոկրատական քաշքշուկներ կան՝ կապված տարածքի տրամադրման և հյուպատոսության աշխատանքների սկսման հետ, բայց այդուհանդերձ, գործընթացը տեղից շարժվում է:
«Դատելով այդ տեղեկատվությունից՝ պարզ չէ, թե որ կողմից է բյուրոկրատական քաշքշուկը, բայց որ կողմից էլ այն լինի, պետք է հնարավորինս արագ կարգավորվի, և Իրանի հյուպատոսությունը Կապանում սկսի աշխատել, որովհետև դա ունի ոչ միայն դիվանագիտական նշանակություն, այլ նաև չափազանց կարևոր ուղերձ թշնամական Ադրբեջանին և Թուրքիային՝ առ այն, որ Սյունիքի մարզի նկատմամբ նրանց նկրտումներն արժանանալու են և արժանանում են իրանական հակազդեցությանը»:
ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան, Իրանի նախկին փոխարտգործնախարար և այժմ Իրանի ԱԳՆ խորհրդական Սեյեդ Քազեմ Սաջադին իր թվիթերյան միկրոբլոգում մի տեսանյութ է հրապարակել, որի համաձայն՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչների է կուտակում Հայաստան-Իրան սահմանին, և նշել է.
«Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայությունը և Սիրիայից Ադրբեջան տեղափոխումն անընդունելի է: Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան այժմ չար գործողություններ է փնտրում Իրանի սահմանների հարևանությամբ։ Թուրքիան պետք է իմանա, որ սա կրակի հետ խաղալ է նշանակում»:
Վարդան Ոսկանյանը նկատեց՝ Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին բավականին հայտնի դիվանագետ է, ունի դիվանագիտական լուրջ փորձառություն.
«Պարզ է, որ թվիթերյան այդ գրառումներն ուղղված են թուրք-ադրբեջանական նկրտումները, հատկապես՝ ահաբեկիչների ներկայությունն Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում, կանխելուն:
Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ իրանական կողմը չափազանց շահագրգիռ է, որպեսզի ձևավորվի համատեղ հակաահաբեկչական հարթակ, որտեղ Հայաստանը նույնպես պետք է ներգրավված լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Սիրիայից թուրքական միջնորդությամբ տեղափոխված ահաբեկիչները կռվում էին մեր դեմ: Ուստի, այս խնդիրը պետք է լինի հրատապ, և դա այն ուղղություններից մեկն է, որտեղ Հայաստանը, Իրանը և ՌԴ-ն կարող են ձևավորել չափազանց արդյունավետ համագործակցային հարթակ: Թվիթերյան գրառման մյուս կարևոր հանգամանքը փաստացի զգուշացումն էր Թուրքիային, որ ահաբեկիչների ներկայությունն Իրանի հետ սահմանների մոտակայքում խաղ է կրակի հետ և անթույլատրելի է չարիքի ակտիվությունը:
Դրանից կարելի է ենթադրել, որ միգուցե մինչև հիմա էլ այդ տարածքում՝ մերձարաքսյան գոտում, որը բռնազավթվել է Արցախից, կամ Ադրբեջանի այլ տարածքում՝ Իրանի սահմանի երկայնքով, ահաբեկչական որոշակի ներկայություն կա, ուստի սա նույնպես խնդիր է, որին կարող է անդրադառնալ Հայաստանը՝ առաջ մղելով նաև այն թեզը, որ Ադրբեջանն ահաբեկչությունը հովանավորող պետություն է, և նման պետություն է նաև Թուրքիան, հատկապես՝ էրդողանական վարչախումբը: Հետևաբար՝ Հայաստանի պայքարը ոչ միայն ազգային-ազատագրական է, այլ նաև՝ հակաահաբեկչական»:
Իրանագետի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների կողմից անհրաժեշտ աշխատանք որևէ ուղղությամբ չի իրականացվում: