Ինչո՞ւ եք հեռացնում խաչքարերը, ի՞նչ է, վախենո՞ւմ եք թուրքին եկեղեցի թողնել

«Արմսես գիտակրթական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և գրառում է ներկայացրել.

«Բերձորը թուրքին հանձնելուց առաջ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։

Ինչո՞ւ եք հեռացնում խաչքարերը,

1․ ախր երբ Աղավնոյի բնակիչներին սպառնում էիք, որ տները չայրեն հանկարծ, թե չէ փոխհատուցում չեն ստանա, ու դա «բացատրում» էիք նրանով, որ կարող ա՝ մի քանի տարի հետո Աղավնոն նորից մերը լինի, տներն ինչի՞ այրված լինեն, չէ՞ որ նույն տրամաբանությամբ, երբ Բերձորը նորից մերը լինի, ինչի՞ եկեղեցին կիսավեր ու ձեր կողմից պղծված լինի,

2․ ի՞նչ է, վախենո՞ւմ եք թուրքին եկեղեցի թողնել, ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով «խաղաղության դարաշրջան» քարոզում, թուրքից յոլդաշ, քիրվա ու ախպեր սարքում։

Ասեմ՝ ինչու։

Որովհետև լավ էլ գիտեք, որ թուրքը թշնամի է, որ թուրքը գալու է ու ավիրի, պղծի, ոչնչացնի ամեն հայկականը, որովհետև թուրքին մեր եկեղեցին պետք չէ, որովհետև Աղավնոյի նորակառույցների նման եկեղեցին թուրքին «վաճառել» չի լինի»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ  էր օրերս ներկայացրել:

NEWS.am-ի հետ զրույցում այդ մասին ասել էր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։

Նա պատմել էր, որ Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը նախագծի վերաբերյալ նաև լուսանկար է հրապարակել։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում՝ երկու մինարեթներ։

«Նախագիծը հաստատվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հրամանի համաձայն։ Նմանատիպ հրաման Ալիևը տվել է դեռևս այն ժամանակ, երբ հերթական ապօրինի այցով գտնվում էր օկուպացված Հադրութի շրջանում։ Իրենց հիմնական նպատակն օկուպացված հայկական բոլոր բնակավայրերում հայկական մշակութային ժառանգությունը վերացնելն է։ Այն եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող հաստատությունները, որոնք կառուցվել են անկախության ժամանակաշրջանում, որոնք հնարավոր չեն աղվանականացնել, Ալիևի հրամանով վերածում են մզկիթի կամ այլ կառույցների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային բոլոր կոնվենցիաներով նմանատիպ ժառանգության ոչնչացումը կամ վերածումն այլ կառույցների համարվում է ոչ միայն մշակութային ցեղասպանություն, այլ նաև որպես պատերազմական հանցագործություն։ Վտանգը բավականին մեծ է, հաշվի առնելով այն, որ չնայած մեր՝ միջազգային ճանաչում ունենալուն, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ կապված տեսանք՝ ինչպես վերաբերվեցին ու խեղաթյուրեցին։ Այս նույն վտանգը ոչ միայն Սուրբ Համբարձում եկեղեցուն է սպառնում, այլ նաև Աղավնոյի մատուռին, ու այն պատմամշակութային ժառանգությանը, որը մնալու է օկուպացվող այդ բնակավայրերում»։

Հովիկ Ավանեսովի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող այդ գործընթացը կանգնեցնելու միակ եղանակը միջազգային կառույցներին դիմելն է. «Ելքն այն է, որ միջազգային լուրջ ազդակներ գործադրվեն կամ բանակցությունների միջոցով հնարավոր լինի՝ ռուս խաղաղապահներն այստեղ դիտակետ տեղադրեն, որպեսզի թույլ չտրվի այն մզկիթի վերածելը կամ պայթեցնելը»։

Տեսանյութեր

Լրահոս