Բաժիններ՝

Բերքը վնասվել է, կարկուտից վնասների չափը 10-ից մինչև 30-40 տոկոսի սահմաններում է. Մարալիկի համայնքապետ

Օգոստոսի 5-ին Շիրակի մարզում՝ Արթիկի շրջանի մի շարք գյուղերում տեղացած կարկուտի հետևանքով տուժել են բազմաթիվ գյուղացիներ։ Վնասվել են մոտ 15 գյուղերի ցանքատարածքներ՝ Հայկասար, Տուֆաշեն, Նոր Կյանք, Հայրենյաց, Սարատակ, Հովտաշեն, Պեմզաշեն, Լեռնակերտ, Հոռոմ, Վարդաքար, Լուսակերտ և այլն։

168.amի հետ զրույցում Մարալիկի համայնքապետ Արտակ Գևորգյանն ասաց, որ բնակավայրերի կրած վնասներն ու դրանց չափը գույքագրվել է, ստեղծված աշխատանքային խմբերը տեղերում աշխատել են։

«Բերքը վնասվել է, վնասների տատանումները 10-ից մինչև 30-40 տոկոսի սահմաններում է եղել։ Չափերը ճշտվել ու ներկայացվել է Շիրակի մարզպետարան։ Տեղյակ եք, որ գործում է ապահովագրական դաշտ, որով բնակիչներին հնարավորություն է տրվել, որպեսզի իրենք նախապես օգտվեն ապահովագրական ծառայությունից, որը լուծում է իր ունեցած խնդիրները։ Հիմա ուզում ենք հասկանալ, այս ամենին լինելու՞ է պետական մոտեցում, թե՞ ոչ»,- նշեց Մարալիկի համայնքապետը։

Ըստ Արտակ Գևորգյանի, Մարալիկ համայնքում ցանքատարածություններ կան Իսահակյան և Լուսաղբյուր գյուղերում։

«Գյուղեր կան, որտեղ բերքահավաքն ավարտվել էր, իսկ տեղեր էլ կար, որ ընթացքի մեջ էր, այդ պատճառով էլ կան որոշակի տվյալներ, որոնք ճշտման փուլում են։

Մեզ մոտ բնակավայրերին կից հակակարկտային կայաններ ունենք տեղադրված, և այն հատվածներում, որտեղ դրանք եղել են, այդ վայրերում կարողացել են իրենց արդյունավետությունն ապահովել, վնասները մեղմ են, կամ առհասարակ չկան։ Մարալիկ-Ձորակապ հատվածում հակակարկտային կայանները կարողացել են ևս բավականին պաշտպանիչ հնարավորություններ ստեղծել։ Այդ հատվածում ծառերը և բանջարաբոստանային մշակաբույսերը շատ չնչին են վնասվել՝ 5-10 տոկոսով»,- տեղեկացրեց Արտակ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս