Գնացել է համագյուղացու տան մոտ և կրակոցներ արձակել
Օգոստոսի 8-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ օգոստոսի 5-ին Աբովյան գյուղի Խանջյան փողոցի խանութում 51 և 70 տարեկան երկու համագյուղացի վիճաբանել են, ինչից հետո 70-ամյա տղամարդը որսորդական հրացանով գնացել է համագյուղացու տան մոտ և կրակոցներ արձակել:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ համայնքային ոստիկանները 70-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են Արտաշատի բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Քննչական գործողության ժամանակ նա ներկայացրել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան՝ հայտնելով, որ օգոստոսի 5-ին այդ հրացանից է արձակել կրակոցները:
Հրացանն առգրավվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն։